Կարևոր իրադարձություններ

Դատարանը կալանավորել է Աշտարակում 19-ամյա տղային սպանած 20-ամյա կասկածյալին

24 Հունվար, 2021 18:42
Դատարանը կալանավորել է Աշտարակում 19-ամյա տղային սպանած 20-ամյա կասկածյալին

Երեկ ՝ հունվարի 23-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Մկրտիչ Ստեփանյանը միջնորդություն է ներկայացրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Օշական գյուղի բնակիչ, 20-ամյա Գեղամ Ալավերդյանի նկատմամբ, ով կասկածվում է հունվարի 21-ին Աշտարակում Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ, 19-ամյա Արմեն Սարգսյանին սպանելու մեջ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ դատավոր Սուրեն Մնոյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը և Գ. Ալավերդյանը դատարանից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

Հունվարի 21-ին ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրականացնելով, Օշական գյուղում հայտնաբերել և Ոստիկանության Աշտարակի բաժին էին բերման երթարկել նույն գյուղի բնակիչներ 20-ամյա Գեղամ Ալավերդյանին և 17-ամյա Հովհաննես Ալավերդյանին։

Վերջիններս կասկածվում էին նույն օրը Աշտարակ քաղաքում՝ Միկոյան եղբայրներ 33 հասցեին հարակից տարածքում, Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ 19-ամյա Արմեն Սարգսյանի հետ վիճաբանության մեջ մտնելու և նրան սպանելու մեջ։

Աղբյուրի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով Գ․Ալավերդյանը, քննիչի որոշմամբ, ձերբակալվել էր, իսկ Հ․Ալավերդյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն բնակության վայրից չհեռանալը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին