Կարևոր իրադարձություններ

Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզի դպրոցների տնօրենների հետ քննարկել է կրթական համակարգի խնդիրները

22 Հունվար, 2021 22:21
Հեղինակ՝ Գնել Սանոսյան
 Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզի դպրոցների տնօրենների հետ քննարկել է կրթական համակարգի խնդիրները

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր խորհրդակցություն անցկացրի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ, որի ընթացքում քննության առնվեցին կրթական համակարգի առաջնահերթ խնդիրները։
Խորհրդակցության սկզբում մեկ րոպե լռությամբ հարգեցինք Արցախյան պատերազմում զոհված հայորդիների հիշատակը։ Ապա Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորեցի տնօրեններին եւ կրթական համակարգի աշխատակիցներին:
Մինչ օրակարգային հարցերի քննարկումը՝ խոսեցի կրթական համակարգում առկա խնդիրների բարելավման մասին:
Իմ պատկերացմամբ Արցախյան պատերազմում մեր կրած անհաջողության հիմնական պատճառներից մեկն այն է, որ մենք շատ բաց ու թերի կողմեր ունենք մեր կրթական համակարգում ու բոլորս ընդհանուր ուժերով պետք է փորձենք հնարավորինս արագ շտկել իրավիճակը՝նորովի մոտեցում ցուցաբերելով արդի աշխարհի կրթական պահանջներին։ Արագ զարգացող աշխարհում ,որպեսզի մենք կարողանանք դիմագրավել արտաքին մարտահրավերներին, պետք է հզորանանք, ինչն անհնար է պատկերացնել առանց մրցունակ կրթական համակարգի ձեւավորման։ Իսկ այդ կարևորագույն պահանջի իրականացումը կախված է մեզանից յուրաքանչյուրից։
Շնորհակալություն հայտնեցի առաջին հերթին մեր դպրոցների այն տնօրեններին եւ ուսուցիչներին, ովքեր անձամբ ներգրավված են եղել մարտական գործողություններում։
Նաեւ իմ երախտագիտությունը հայտնեցի բոլոր տնօրեններին, մանկավարժներին, ծնողներին ու աշակերտներին, ովքեր տարբեր կերպ օժանդակել են Արցախին և Արցախից մարզ տեղափոխված ընտանիքներին։ Խնդրեցի, որ առանձնակի ուշադրություն դարձնենք Արցախից տեղափոխված ընտանիքների երեխաներին, անենք հնարավորը, որպեսզի նրանք լիարժեք ներգրավվեն կրթական գործընթացում, ստանան հոգեբանական աջակցություն, հարմարվեն նոր միջավայրին։ Խնդրեցի նաեւ՝ անձամբ այցելել զոհված, վիրավորում ստացած կամ անհետ կորած մեր զինվորների ընտանիքներ, զրուցել նրանց հետ, սփոփել նրանց, նաեւ մեզ հուշել, թե ինչ կարգի օժանդակություն կարող է ցուցաբերվել մեր կողմից։
Միաժամանակ առաջարկեցի մեր զոհված զինվորների պատվին դպրոցներում ստեղծել փառքի անկյուններ, կազմակերպել Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառումներ։
Խոսեցի նաև դպրոցներում համավարակի դեմ պայքարի կանոնների պահպանման մասին:
Շատ կարեւոր է նաեւ դասասենյակներում բավարար ջերմաստիճանի ապահովումը։ Ճիշտ է, որոշ դպրոցներում մենք դրա համար բավարար պայմաններ դեռ չունենք, սակայն պետք է անհրաժեշտ ջանքեր գործադրենք, որպեսզի խուսափենք սուր շնչառական հիվանդություններից ու դրանց տարածումից։
Խոսվեց նաեւ օրենքով սահմանված կարգով դպրոցական շենքերի տարածքները վարձակալությամբ տրամադրելու, առարկայական օլիմպիադաների մարզային ու հանրապետական փուլերում բավարար արդյունք ապահովելու, տնտեսված միջոցները նպատակային օգտագործելու, փաստաթղթաշրջանառությունն ու գործավարությունը բարձր հիմքերի վրա դնելու, ուսուցիչների մրցույթների կազմակերպման նպատակով տրվող հայտարարությունները ժամանակին հրապարակելու եւ այլ հարցերի մասին։
Լսեցի դպրոցների տնօրենների կողմից բարձրացված հարցերն ու առաջարկները՝ տեղում քննարկելով դրանք ու տալով համարժեք պատասխաններ։
Հայոց բանակի 29-րդ տարեդարձի առթիվ 2020 թվականի Արցախյան պատերազմի մարտական գործողություններին մասնակցելու համար Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգեւատրեցի դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին