Կարևոր իրադարձություններ

Այսօր մեծանուն հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը կդառնար 100 տարեկան

22 Հունվար, 2021 11:22
Այսօր մեծանուն հայ կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանը կդառնար 100 տարեկան

Այսօր նշվում է մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-րդ ամյակը։ Սակայն, իրականում, նա ծնվել է ոչ թե հունվարի 22-ին, այլ 21-ին։

Երբ 1924 թվականի հունվարի 21-ին Լենինը կնքեց իր մահկանացուն, Բաբաջանյանի հայրը որոշեց, որ հարևաններ, ընկերներ, ծանոթներ, բան... եթե 21-ին քեֆ անեն, կարող է բան անեն, որ այ տեսեք՝ Լենինի մահվան օրը քեֆ են անում, փոխեց ամսի 22-ին։ Բայց ինքը ծնվել է հունվարի 21-ին»,- Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդմանն ասաց ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանը։

Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում: Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկան հասակում։ 1938 թվականին մեկնում է Մոսկվա և միանգամից ընդունվում է Գնեսինների անվան երաժշտական քոլեջի վերջին կուրս։ Այն ավարտելուց հետո ընդունվում է Պ. Ի. Չայկովսկու անվան ՄՊԿ ( Բ. Մ. Բեռլինի դաշնամուրի դասարան) ։

Նրա տաղանդը Արամ Խաչատրյանը դեռ հինգ տարեկանում նկատելով՝ որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի։ Դրանից հետո, 1929-ին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո սովորում է կոնսերվատորիայում։ Այնուհետև, 1948-ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում։ 1950-1956 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1956-ից ապրել և աշխատել է Մոսկվայում։

Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, պոպ, ջազ։

Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ։ Իսկ նրա ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում» (1950) և դաշնամուրային տրիոյում (1952)։ Լայն ժողովրդականություն վայելող «Հայկական ռապսոդիան» գրել է 1950-ին։ Կոմպոզիտորը մեծ հեղինակություն է վայելել և համագործակցել է պոետ Ռոբերտ Ռոժդեստվենսկիի և եչգիչ Մուսլիմ Մագոմայևի հետ։ «Առաջին սիրո երգը» և «Երևան»- ը համարվում են որպես հիմն հարազատ քաղաքի։ Կոմպոզիտորի բացառիկ տաղանդը խոր զգացմունքայնությամբ դրսևորվել է նաև նրա երգերում: Հանրահայտ են Բաբաջանյանի «Երկրագնդի լավագույն քաղաքը», «Կամուրջներ», «Գուշակիր ցանկությունս», «Մի շտապիր» և այլ երգեր, որոնք կատարվել են ԽՍՀՄ-ում և արտասահմանում: Առնո Բաբաջանյանը մահացել է Մոսկվայում, 1983 թվականի նոյեմբերի 11-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին