Կարևոր իրադարձություններ

Արա Այվազյանը տեսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարի հետ (տեսանյութ)

21 Հունվար, 2021 19:55
Արա Այվազյանը տեսազրույց է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարի հետ (տեսանյութ)

Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը տեսազրույց ունեցավ Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Ստեֆ Բլոկի հետ։

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ, ընդգծվեց պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ: Նախարար Այվազյանը շնորհակալություն հայտնեց իր գործընկերոջը նոր տիպի կորոնավիրուսի պայքարի շրջանակներում հայ ժողովրդին ցուցաբերված աջակցության և համերաշխության համար:

Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները հանգամանալից անդրադարձ կատարեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությանը։ Նախարար Այվազյանը ներկայացրեց Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համակարծիք էին հումանիտար հարցերում միջազգային կազմակերպությունների տեղում անխափան ներգրավվածության անհրաժեշտության շուրջ:

Նախարար Այվազյանը որպես ներկա փուլի առաջնահերթություն առանձնացրեց հումանիտար հարցեր՝ առանձնահատուկ ընդգծելով ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց անվտանգ հայրենադարձման խնդրի լուծումը։ 

Նախարարներ Այվազյանը և Բլոկը կարևորեցին ԼՂ խաղաղ գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: 

Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին