Կարևոր իրադարձություններ

Կոտայքի մարզպետն այցելել է հատուկ կարիքներ ունեցող երեխաների ցերեկային խնամքի և զարգացման կենտրոն

21 Հունվար, 2021 10:11
Հեղինակ՝ Մեսրոպ Մեսրոպյան
Կոտայքի մարզպետն այցելել է հատուկ կարիքներ ունեցող երեխաների ցերեկային խնամքի և զարգացման կենտրոն

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այցելել էի Հրազդան քաղաքում գործող Երեխաների աջակցության հիմնադրամի կողմից ստեղծված Հատուկ կարիքներ ունեցող երեխաների ցերեկային խնամքի և զարգացման կենտրոն:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մովսես Մանուկյանի և կենտրոնի տնօրեն Կամո Առաքելյանի ուղեկցությամբ շրջել եմ խնամքի կենտրոնում, ծանոթացել կազմակերպության գործունեությանը:

Հաշմանդամություն և հատուկ կարիք ունեցող, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքի և զարգացման նպատակով ստեղծված կենտրոնը գործում է 2014 թվականից: 146 երեխաների համար այստեղ անհատական մոտեցմամբ աշխատում են 11 մասնագետներ՝ հատուկ մանկավարժ, հատուկ հոգեբան, լոգոպետ, սոցիալական աշխատող, ֆիզիոթերապիստ, արտթերապիստներ:

Անդրադառնալով կենտրոն հաճախող երեխաների խնամքի և զարգացման առանձնահատկություներին՝ շնորհակալություն եմ հայտնել իրականացվող ծրագրերի ծավալի համար: Նվազագույնը, որ կարող ենք անել այս երեխաների համար, մարզպետարանի ու կենտրոնի համագործակցության ամրապնդումն է՝ ի շահ նրանց կենսամակարդակի բարելավմանը:

Փոքրիկներն ինձ համար անակնկալ էին պատրաստել. նվիրեցին իրենց ձեռագործ աշխատանքները»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին