«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Եվրախորհրդարանի պատգամավոր, ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, թե Լեռնային Ղարաբաղի ապագայի շուրջ իրենց անհանգստությունը շարունակվում է, քանի որ անկայունությունը կարող է ունենալ անկանխատեսելի հետեւանքներ:
Եվրախորհրդարանի պատգամավորի համար եւս կարեւոր հարց է հայ ռազմագերիների՝ հայրենիք վերադարձի հարցը, որը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո դեռեւս ամբողջությամբ չի իրականացվել, եւ ադրբեջանական կողմում կան հայ ռազմագերիներ, որոնց վերջինս փորձ է անում ներկայացնել որպես հանցագործներ, քանի որ նրանք գերեվարվել են եռակողմ հայտարարությունից հետո:
Լուկաս Ֆուրլասն այդ հարցը բարձրաձայնել է նաեւ Եվրահանձնաժողովում: «Ես շատ մտահոգված եմ այս խնդրով: Այդ է պատճառը, որ ես Եվրահանձնաժողովին բարձրաձայնել եմ հայ ռազմագերիների հարցը, նրանց իրավունքները երաշխավորելու եւ նրանց վերադարձնելու պարտավորության մասին: Նման նախաձեռնությունները կարող են ճնշում լինել Ադրբեջանի կառավարության վրա»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հավելեց Հայաստան-Եվրամիություն բարեկամական խմբի ղեկավարը»։
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։