Կարևոր իրադարձություններ

Մեսրոպ Առաքելյանը քննարկում է ունեցել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ

20 Հունվար, 2021 21:37
Մեսրոպ Առաքելյանը քննարկում է ունեցել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի հետ

Նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի հետ։

 

Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են երեխաների իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված ծրագրերի անհրաժեշտությունը, կորոնավիրուսի համավարակի և հետպատերազմական իրավիճակում երեխաներին ուղղված աջակցության կազմակերպման, ոլորտում առկա օրենսդրական բարեփոխումների իրականացման կարևորությունը։

«Երեխաները մեր ամենախոցելի շահառուներն են։ Կարևորագույն խնդիրը, որին առնչվում ենք, երեխաների աղքատությունն է։ Ընդ որում՝ բազմազավակ ընտանիքներում խնդիրն ավելի նկատելի է»,- նշել է Մեսրոպ Առաքելյանը՝ միաժամանակ մանրամասնելով, որ այս պահին նախարարության առաջնահերթություններից է բազմազավակ ընտանիքների համար սոցիալական երաշխիքներն ավելի հասցեական և արդյունավետ դարձնելը։

Նախարարը կարևորել է նաև հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքների բացահայտման և նրանց՝ հասարակություն լիարժեք ինտեգրման համար պայմանների ապահովումը․

«Հաշմանդամություն ունեցող երեխաներն էլ ավելի խոցելի են, և այդ ուղղությամբ մենք անելու ենք առավելագույնը․ մասնավորապես՝ հաշմանդամության նոր օրենքի ներդրման միջոցով առողջության գնահատման մեթոդից անցում կկատարենք ֆունկցիոնալության գնահատման»։

Շնորհակալություն հայտնելով Կառավարությանն ու պատասխանատու մարմիններին ներդրած ջանքերի համար, որոնք զգալի փոփոխություն են մտցրել հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների պաշտպանության, վերջիններիս հանդեպ խտրական վերաբերմունքի վերացման հարցում, Մարիան Քլարկն ընդգծել է՝ արդյունքները շատ են, բայց անելիքներ ևս կան։

Վերջինս երեխաների իրավունքների հայեցակարգերի մշակման գործում կարևորել է փորձագիտական աջակցությունն՝ այն դիտարկելով միջազգային իրավական ակտերի համապատասխանության կոնտեքստում։

Մարիան Քլարկի խոսքով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կորոնավիրուսի համավարակի և հակամարտության հետևանքով տուժած շուրջ 35,000 ընտանիքների կարիքների գնահատում է իրականացրել, որը կարող է օգտակար լինել առաջիկա ծրագրերի իրականացման գործում։
Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև արցախայությանն ուղղված աջակցության ծրագրերում այլ գործընկերների ներգրավումն ու համագործակցության ընդլայնումը։

 
 

Լրահոս

Դիտել ավելին