Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    522
    526,5

  • EUR

    625,5
    637,5

  • RUB

    7,02
    7,24

Կարևոր իրադարձություններ

Սուրեն Պապիկյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան ներկայացուցչության պատվիրակությանը

20 Հունվար, 2021 18:05
Սուրեն Պապիկյանն ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան ներկայացուցչության պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան ներկայացուցչության պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանում ԳԴՀ փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերը, ԳՄՀԸ (GIZ) հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Բարբարա Շվեյգերին և Աննե Քեմփան, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում՝ որպես ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի ղեկավար։
Նախարարը բարձր է գնահատել ԳՄՀԸ հետ երկարամյա գործընկերության հաջողված փորձը և իր երախտագիտությունն է հայտնել նոր կորոնավիրուսային համավարակով և ռազմական դրությամբ պայմանավորված բարդ շրջանում այդ համագործակցության անընդհատությունն ու ծրագրերի շարունակականությունն ապահովելու համար։

Նախարարի խոսքով՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև ձևավորված գործընկերության լավագույն օրինակներից են Հայաստանի միավորված համայնքներում գործող քաղաքացիական սպասարկման գրասենյակները, համայնքային ծառայողների պատրաստման ծրագրերը և նրանց ցուցաբերված տեխնիկական օժանդակությունը, ինչի շնորհիվ խոշորացված համայնքներում քաղաքացիների սպասարկման ծառայությունները բարձրացել են նոր մակարդակի՝ զգալիորեն անդրադառնալով համայնքների բնակիչների կյանքի որակի վրա։

«Ձեր կառույցի հետ համագործակցությունը վերջին տարիներին էապես նպաստել է խոշորացված համայնքների կայացման ընթացքին։ Այս իրավիճակում մեր համայնքները կարողացել են պատշաճ կերպով ապահովել իրենց գործառույթները, և այդտեղ իր լուման ունի նաև ԳՄՀԸ–ն»,– ընդգծել է նախարար Պապիկյանը՝ շնորհակալություն հայտնելով Աննա Քեմփային համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթելով նրան հետագա գործունեության մեջ։

ԳԴՀ փոխդեսպան Քլաուս Վենդելբերգերն իր հերթին հավաստել է ՏԿԵ նախարարության հետ սերտ ու արդյունավետ համագործակցության ընթացքում արձանագրած հաջողությունները տիկին Քեմփայի ղեկավարման 6–ամյա շրջանում և նշել․

«Տարածքային բարեփոխումները Հայաստանում մեր գործընկերության փարոսն են։ Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ , ապահովելով Հայաստանի համար կառավարման ուղղահայաց բարեփոխումներ, մեր տեխնիկական աջակցությունը միտված է համայնքային ազդեցությանը»։ Փոխդեսպանը վերահաստատել է գերմանական կողմի պատրաստակամությունը՝ շարունակել մեկնարկած ծրագրերը՝ արդեն նորանշանակ տնօրեն Շվագերի ղեկավարությամբ։

Իր խոսքում Աննե Քեմփան շնորհակալություն է հայտնել ՏԿԵ նախարարին ու նախարարության աշխատակազմին հաջողված համագործակցության համար։ Տիկին Քեմփան գոհունակությամբ արձանագրել է «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի արդյունքները, ինչը էականորեն ընդլայնել է համայնքների տեխնիկական կարողությունները և հնարավորությունները։
Աննե Քեմփայի խոսքով՝ ծրագրի շնորհիվ հատկապես խոշորացված համայնքները, ներկայումս գտնվում են թվայնացման բարձր մակարդակում և կարողացել են անգամ կորոնավիրուսի ճգնաժամի ժամանակ իրականացնել իրենց գործառույթները, ինչպես նաև ապահովել պատերազմի հետևանքով Հայաստան ժամանածների փաստաթղթային գրանցումները։
ՀՀ վարչատարածքային բարեփոխումներին աջակցելու ԳՄՀԸ հանձնառությունը վերահաստատել է նաև ԳՄՀԸ նորանշանակ տնօրեն Բարբարա Շվեյգերը։

«ՏԿԵ նախարարության հետ համագործակցությունն ապակենտրոնացման, նաև տարածքային բարեփոխման համատեքստում հայտնի է որպես լավագույն օրինակ»,–ընդգծել է Շվեյգերը և պատրաստակամություն հայտնել ընդլայնել փոխգործակցության շրջանակը ՏԿԵ նախարարության հետ։

Շնորհավորելով տիկին Շվայգերին՝ նախարար Պապիկյանը հաջողություն է մաղթել նրան և վստահություն հայտնել, որ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջև ձևավորված գործընկերության շրջանակում առաջիկայում զարգացման նոր ուղղություններ կնախանշվեն։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին