Կարևոր իրադարձություններ

Անտառների վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարը՝ շրջակա միջավայրի նախարարության գերխնդիր

20 Հունվար, 2021 16:18
Անտառների վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարը՝ շրջակա միջավայրի նախարարության գերխնդիր

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ տեղի է ունեցել անտառների պահպանության և պաշտպանության թեմայով աշխատանքային խորհրդակցություն։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

 

Խորհրդակցությանը մասնակցել են փոխնախարար Ա․ Մազմանյանը, Անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ա.Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Պ․ Ցուգունյանը, շրջակա միջավայրի նախարարության անտառային քաղաքականության վարչության պետի պարտականությունները կատարող Ի․ Զարգարյանը և ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լ․ Ավետիսյանը։

Խորհրդակցությանը քննարկվող թիվ մեկ խնդիրը վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարին պատրաստվելն ու դրա իրագործումն է եղել։ Որոշակի հանգամանքների բերումով 2021 թվականին այդ բնագավառում մեծ ծավալի անելիք կա։

«Գարնանային անտառպաթոլոգիական հետազոտությունների արդյունքում տերևակեր վնասատուներով և հիվանդություններով վարակված տարածքն ըստ մարզերի շուրջ 11.575 հա է (2019 թվականի տվյալներով՝ 5400 հա, 2020 թվականի տվյալներով ևս 6100 հա)։

Գերխնդիր է այս տարի վաղ գարնանը պատրաստ լինել համակարգված պայքար իրականացնել հիվանդությունների և վնասատուների դեմ՝ կանխարգելելու տարածումը և անտառզանգվածի ոչնչացումը։

Քննարկվեց պետական կառավարման այլ գերատեսչությունների կարողություններն ու տեխնիկական հնարավորություններն այս նպատակով մեկտեղելու եւ գործադրելու հնարավորությունը։

Նախարարը հատուկ հանձնարարականներ տվեց՝ վերհանել պետական կառավարման այլ մարմինների ու գերատեսչությունների կարողությունները, տարբերակներ գտնել դրանց համատեղման և Անտառային կոմիտեի ու «Հայանտառ» ՊՈԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների միջոցով այդ ծավալի աշխատանքներն իրականացնելու վերաբերյալ։

Հանձնարարականներ տրվեցին դիտարկել նաև վնասատուներով և հիվանդություններով վարակված հնարավոր նոր տարածքների վերհանման և քարտեզագրման հարցը, որպեսզի հաջորդիվ նույն գործընթացներն այդ տարածքներում ևս իրականացվեն։

Երկրորդիվ քննարկվեց ՇՄՆ Անտառային կոմիտեի կազմում Անտառային օրենսգրքով սահմանված վերահսկողական ինստիտուտների հիմնման եւ գործարկման գործընթացը՝ ամենասեղմ ժամկետներում։

Դրա շուրջ առաջիկայում լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին