Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին

20 Հունվար, 2021 16:04
Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 20-ին ընդունել է Արցախի պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին։ 

 

Հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են հետպատերազմյան շրջանի մարտահրավերներին, ներքին և արտաքին քաղաքականությանը, գիտակրթական ոլորտի զարգացման առաջնահերթություններին ու հեռանկարներին առնչվող հարցեր

 

Երկրի ղեկավարը նշել է, որ ներկայիս դժվարին շրջանում չափազանց կարևոր է Արցախի պետական համալսարանի՝ որպես մեր երկրի ուսումնական հանգուցային հաստատության դերակատարությունը կրթության որակի բարձրացման, արհեստավարժ կադրերի պատրաստման և երիտասարդ սերնդի դաստիարակման գործում, և պետությունը ջանքեր չի խնայելու մայր բուհի ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին աջակցելու հարցում։ Նախագահ Հարությունյանի խոսքով՝ 2020-2021 ուսումնական տարվա համար Արցախի պետական համալսարանի հեռակա բակալավրիատում և մագիստրատուրայում սովորող ուսանողները կազատվեն ուսման վարձ վճարելու բեռից, իսկ վարձավճարները կփոխհատուցի Արցախի Հանրապետության կառավարությունը։ 

 

Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը պրոֆեսորադասախոսական կազմի անունից շնորհակալություն է հայտնել նախագահին անմիջական մթնոլորտում կայացած հանդիպման համար` խոստանալով առաջիկա ժամանակահատվածում ներկայացնել բուհի ուսումնական գործընթացի բարելավմանն ու զարգացմանն ուղղված բարեփոխումների նոր ծրագիր։

 

 

Լրահոս

Դիտել ավելին