Կարևոր իրադարձություններ

ԱԳ նախարարը Լավրովի հետ քննարկել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ, անվտանգ հայրենադարձման հարցերը

18 Հունվար, 2021 20:56
ԱԳ նախարարը Լավրովի հետ քննարկել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ, անվտանգ հայրենադարձման հարցերը

Հունվարի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԳ նախարարությունը:

Ի շարունակություն օրերս տեղի ունեցած հեռախոսազրույցների՝ արտգործնախարարներն անդրադարձել են տարածաշրջանում կայունության հաստատման և անվտանգության ապահովման հարցերի:

Նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման համատեքստում նախարար Այվազյանը ևս մեկ անգամ ընդգծել է հումանիտար հարցերի լիարժեք իրականացման, նախևառաջ՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ և անվտանգ հայրենադարձման առաջնահերթությունը:

 

Նախարար Այվազյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանման և այդ գործում միջազգային մասնագիտական կառույցների անխափան ներգրավվածության կարևորության վրա:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-ռուսական օրակարգի շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին