Կարևոր իրադարձություններ

Արցախի ԱԺ-ում մշտական հանձնաժողովների համատեղ նիստ է անցկացվել

18 Հունվար, 2021 18:47
Արցախի ԱԺ-ում մշտական հանձնաժողովների համատեղ նիստ է անցկացվել

Հունվարի 18-ին տեղի ունեցավ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ Վլադիկ Կասյանի և Արթուր Հարությունյանի նախագահությամբ:

Օրակարգում «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծում նախատեսված արդյունաբերության, քաղաքաշինության, գյուղատնտեսության, տրանսպորտի և կապի, էներգետիկ համակարգի, բնապահպանության և բնական ռեսուրսների, խմելու և ոռոգման ջրի ոլորտի ֆինանսավորման հարցերն էին:

Գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը, ներկայացնելով գյուղատնտեսության ոլորտի 2021թ. -ի ծախսերը, նշել է, որ այն կկազմի 4 մլրդ 874 մլն 588 հազ դրամ, ինչը 2020թ-ի՝ 8 մլրդ 969 մլն 872 հազ դրամի  համեմատ նվազել է 4 մլրդ 95 մլն  դրամով:

Մանրամասն ներկայացնելով  ծրագրային ծախսերի ցուցանիշները՝  նախարարը ներկայացրեց  գյուղատնտեսության և անասնապահության ոլորտներում փոխհատուցմամբ  տրամադրվող և դրամաշնորհային նոր ծրագրեր: Աշոտ Բախշիյանը պատասխանել է պատգամավորների հնչեցրած՝  բույսերի պաշտպանությանը, թունաքիմիկատների տրամադրմանը, անասնաբուժական կայանների ֆինանսավորմանը, անասնագլխաքանակի անկմանը, ցանքատարածքների կրճատմանը, խոշոր և մանր անասունների ներկրմանը, հակահամաճարակաբանության, պատվաստանյութերի ձեռքբերմանն ուղղված աշխատանքներին  և ոլորտին առնչվող այլ հարցերի:

2021թ. բյուջեով, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի խոսքով, կապիտալ ծախսերի համար նախատեսված  է 10 մլրդ դրամ, նախորդ տարվա 25 մլրդ 207 մլն դրամի դիմաց: Ըստ բնագավառների կապիտալ շինարարության ծախսերը մանրամասնելուց հետո, Արամ Սարգսյանը պարզաբանումներ է տվել պատգամավորների՝ թշնամու վերահսկողության տակ գտնվող և վնասված  բնակֆոնդի հաշվարկված  ծախսերին, բնակարանաշինությանը, Ստեփանակերտ- Ասկերան- Մարտակերտ ավտոճանապարհի կառուցմանը, Մարտակերտի հ1 դպրոցի շինարարական աշխատանքների ընթացքին,  ապաստարանների կառուցմանը, իրավիճակով պայմանավորված  լրացուցիչ նախակրթարանների  կառուցմանը,  ճանապարհային և բակային արգելափակումներին, Ստեփանակերտի հ1 և հ2  մանկապարտեզների շինարարական աշխատանքների ավարտին վերաբերող հարցերին:

Տարածքային  կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Հայկ  Խանումյանը, նախքան բյուջեն ներկայացնելը, տեղեկացրել է, որ հետպատերազմյան իրողություններից ելնելով՝ նախարարության ծրագրերը  ուղղված կլինեն  սոցիալական խնդիրների լուծմանը: Խոսելով 2021թ. պետական բյուջեով նախատեսված  գումարի մասին, նշել է, որ նախարարության ծրագրերի  պահպանման համար նախատեսվում է հատկացնել 12 մլն 534 մլն 111 հազ դրամ: Այնուհետև  նախարարը ներկայացրել է հիմնական ծրագրային ուղղությունները և պատասխանել էլեկրաէներգիայի, գազի և կապի ծառայություններին տրամադրվող փոխհատուցումների սահմանաչափին, դրանց հնարավոր վերահսկողությանը,վարձակալած բնակարանների վարձավճարների վերահսկողությանն ու վերանորոգմանը տրամադրվող ծախսերին, թշնամու վերահսկողության տակ գտնվող բնակավայրերի բնակիչներին  բնակության վայրի հատկացման հստակեցմանը, սոցիալական նոր ծրագրերին, այլընտրանքային էլեկտրաէներգիա ունենալուն և ոլորտում առկա այլ խնդիրների վերաբերյալ  պատգամավորների առաջադրած հարցերին:

Ընդմիջումից հետո մշտական հանձնաժողովների համատեղ նիստը շարունակվել է:

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի ծախսերը, հանձնաժողովի նախագահ Գևորգ  Գրիգորյանի խոսքով, 2021թ.-ին կկազմեն 673,5 մլն 663 հազ դրամ:

Գյուղի և գյուղատնտեսության  աջակցության հիմնադրամի  նախագահ Հրանտ Սաֆարյանի փոխանցմամբ, հիմնադրամին պետական բյուջեից այս տարի տրամադրվելու է 1 մլրդ 500 մլն դրամ,այդ թվում պահպանման ծախսերը կազմելու են 284 մլն 500հազ դրամ,  Ծախսերը  ուղղվելու են առևտրային բանկերի կողմից գյուղատնտեսական ծրագրերի համար տրամադրվող վարկերի տոկոսների մասնակի սուբսիդավորմանը և առևտրային բանկերից և այլ ֆինանսական կազմակերպություններից ստացված վարկերի սպասարկմանը: Հիմնադրամի նախագահը պարզաբանումներ է տվել ազնվացեղ խոշոր եղջերավոր անասունների ձեռք բերման  ծրագրերի ֆինանսավորմանը ևդրանց  վերլուծությանը, հիմնադրամի աշխատանքների վերլուծությանը , աուդիտի անցկացմանը  վերաբերող պատգամավորների հարցերին:

Արցախի ներդրումային հիմնադրամի 2021թ.-ի ծախսերը ներկայացրել է Արցախի ներդրումային հիմնադրամի նախագահի տեղակալ Մհեր Մխիթարյանը: Ըստ ներկայացրած տվյալների՝  2021թ. պետական բյուջեի նախագծով  է «Աջակցություն Արցախի ներդրումային հիմնադրամին» ծրագրի շրջանակներում նախատեսվում է 4.0 մլրդ դրամ: Հիմնադրամի նախագահի տեղակալը  պատասխանել է պատգամավորների առաջադրած՝ հիմնադրամի  հետագա գործունեությանը, հիփոթեքային նոր վարկավորումներին, ներդրումների արդյունավետության վերլուծությանը  և այլ թեմաների վերաբերող հարցերի:

Նիստին ներկա էին ԱՀ ԱԺ նախագահը, փոխնախագահը, պատգամավորներ և կառավարության պատասխանատուներ:

 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 

լրատվության և հանրության հետ կապերի բաժին

 

Լրահոս

Դիտել ավելին