Կարևոր իրադարձություններ

Արսեն Թորոսյանը կստանձնի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը

18 Հունվար, 2021 17:21
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Արսեն Թորոսյանը կստանձնի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը
Առողջապահության արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
 
Տեղեկացնում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսուհետ պաշտոնավարումս շարունակելու եմ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կարգավիճակում` թողնելով առողջապահության նախարարի պաշտոնը:
Օգտագործելով առիթը, ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել առողջապահության նախարարության և դրա ենթակա հիմնարկների բոլոր աշխատակիցներին` անձնական և մասնագիտական նվիրումի համար: Առանց ձեզ հնարավոր չէր լինի իրականացնել վերջին գրեթե 3 տարիների փոփոխությունները առողջապահության ոլորտում, որոնք վստահաբար լայն թափով շարունակվելու են: Ձեր շնորհիվ վերջին տարվա ընթացքում առողջապահական համակարգը արդյունավետ պայքար մղեց համաճարակի դեմ` որակյալ և ժամանակին բուժօգնություն ցույց տալով մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների, ինչպես նաև օպերատիվ կերպով կազմակերպեց ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված զինծառայողների բուժօգնությունը: Խնդրում եմ ձեզ շարունակել աշխատել նույն նվիրումով և ջանասիրությամբ։
 
Նաև շնորհակալություն եմ ուզում հայտնել առողջապահական համակարգի ավելի քան 40.000 աշխատակիցներին, ովքեր օրուգիշեր կատարում են իրենց մասնագիտական պարտքը՝ հատկապես մեր երկրի և առողջապահական համակարգի համար նման բարդ ժամանակաշրջանում։ Վստահ եմ` նաև ձեր շնորհով մեր երկիրը կհաղթահարի ներկա և ապագա բոլոր մարտահրավերները:
Նորանշանակ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հաջողություն եմ մաղթում և հայտնում իմ պատրաստակամությունը աջակցել նրան՝ ուժերիս ներածի չափով։
՛
Սիրով,
Արսեն Թորոսյան»:
 

Նշենք, որ վարչապետի որոշմամբ՝ Էդուարդ Աղաջանյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:  

Նրա մեկ այլ որոշմամբ` այդ պաշտոնում է նշանակվել առողջապահության արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանը:  

 

Լրահոս

Դիտել ավելին