Կարևոր իրադարձություններ

Մեկ շաբաթվա ընթացքում 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 1289 զանգ. ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը

18 Հունվար, 2021 16:40
Հեղինակ՝ ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն
Մեկ շաբաթվա ընթացքում 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 1289 զանգ. ԱԻՊԾ-ն ամփոփել է շաբաթը

2021 թվականի հունվարի 10-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 1289 զանգ:
Զենք-զինամթերքի հայտնաբերման, դրանց պահեստավորման և ոչնչացման մասով ծառայությունը ստացել է 77 կանչ: ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները և Արցախում գործող հումանիտար ականազերծման կենտրոնները ՌԴ ՊՆ սակրավորների հետ մեկտեղ շարունակում են Արցախի բնակավայրերը, լեռնաանտառային ու հարթավայրային գոտիները մաքրել հնարավոր սպառնալիքներից: 

Անցած շաբաթվա ընթացքում հրդեհի 16 դեպք է արձանագրվել: Այն հիմնականում բռնկվել է բաց տարածքում՝ չոր խոտածածկի այրվելու պատճառով: Բարեբախտաբար մահվան ելքով դեպքեր չկան: Արցախի հրշեջ փրկարարներն արձագանքել են բոլոր կանչերին և ժամանակին կանխել աղետը:
Նախորդ շաբաթվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների մասին մեկ հաղորդում է ստացվել: Կա մեկ տուժած: ԱԻՊԾ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը վերջինիս ցուցաբերել է առաջին օգնություն և տեղափոխել բուժհաստատություն:

 

Շաբաթվա ընթացքում կենցաղային բնույթի 31 կանչ է ստացվել: Ծառայության բոլոր ստորաբաժանումները համապատասխան օգնություն և աջակցություն են ցուցաբերել Արցախի բնակիչներին: Ճգնաժամային կառավարման կենտրոնի հերթապահ խմբերը բնակիչներին միաժամանակ տվել են համապատասխան խորհրդատվություններ:

ԱԻ ծառայության արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը անցած շաբաթվա ընթացքում թշնամու վերահսկողության տակ անցած բնակավայրերում շարունակել են իրականացնել որոնողափրկարարական աշխատանքներ, որոնց արդյունքում 2020 թվ-ի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվ-ի հունվարի 17-ը հայտնաբերվել է 1238 աճյուն, որոնց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ:

Անցած շաբաթվա ընթացքում ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Մարտունու և Ասկերանի արտակարգ իրավիճակների շրջանային բաժիններ: Ծառայության տնօրենը վերստին շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ պատերազմի ընթացքում ցուցաբերած արիության և անձնվիրության համար, վերջիններիս պարգևատրել գերատեսչական մեդալներով ու պարգևներով:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին