Կարևոր իրադարձություններ

Առաջիկայում Արցախի բուժհիմնարկները կհամալրվեն անհրաժեշտ բժիշկ-մասնագետներով և ժամանակակից բուժսարքավորումներով

16 Հունվար, 2021 22:58
Առաջիկայում Արցախի բուժհիմնարկները կհամալրվեն անհրաժեշտ բժիշկ-մասնագետներով և ժամանակակից բուժսարքավորումներով

ԱՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ սույն թվականի հունվարի 8-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարը եռօրյա աշխատանքային այցով մեկնել էր Հայաստանի Հանրապետություն:

Գործնական քննարկումներ են տեղի ունեցել ՀՀ առողջապահության նախարարությունում, ինչպես նաև Հայ օգնության ֆոնդի Fund For Armenian Relief Հայաստանի մասնաճյուղի ու Առաջադեմ բժշկություն հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում առաջիկայում Արցախի բուժհիմնարկները կհամալրվեն անհրաժեշտ բժիշկ-մասնագետներով, ինչպես նաև ժամանակակից բժշկական սարքավորումներով: ԱՀ առողջապահության նախարարության կողմից կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի մասնագետների կամ սարքավորումների բացակայության պատճառով արցախցին ստիպված չլինի բուժում ստանալու կամ բուժհետազոտություն անցնելու նպատակով մեկնելու Հայաստանի Հանրապետություն կամ այլ արտերկիր:

Որակյալ և հնարավորինս բովանդակ առողջապահությունը նախարարության անելիքների առաջնահերթություններից է, որի իրագործման համար ձևավորվելու են անհրաժեշտ բոլոր նախադրյալները:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին