Կարևոր իրադարձություններ

Ջո Բայդենը ամերիկահայ Հայկ Հաջինազարյանին նշանակել է Սպիտակ տան հաղորդակցման տարածաշրջանային տնօրեն

16 Հունվար, 2021 14:23
Ջո Բայդենը ամերիկահայ Հայկ Հաջինազարյանին նշանակել է Սպիտակ տան հաղորդակցման տարածաշրջանային տնօրեն

Ջո Բայդենը, որը մյուս շաբաթ պաշտոնապես կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը, ամերիկահայ Հայկ Հաջինազարյանին նշանակել է Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության գծով տնօրեն: Այս մասին ասվում է Միացյալ Նահանգների ընտրված նախագահի և փոխնախագահի համատեղ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Բայդենի շտաբը հետաձգել էր նորընտիր նախագահի երդմնակալության փորձը ու մեկնաբանել նոր նշանակումները: Սպիտակ տունը նշել է, որ նորանշանակ պաշտոնյաները որակյալ ու փորձառու մասնագետներ են, պատրաստ առաջին իսկ օրը «արդյունք ցույց տալ»:

Հայկ Հաջինազարյանը նախկինում ծառայել է որպես Բայդենի քարոզարշավի Արևմտյան Փենսիլվանիա նահանգի մամուլի քարտուղար: Մինչ այդ Նյու Հեմփշիրում, Նեվադայում, Տեխասում, Օհայոյում և այլ նահանգներում նախնական և ընդհանուր ընտրությունների ընթացքում աշխատել է քարոզարշավի հասարակության հետ կապերի թիմի կազմում:

Նախքան քարոզարշավին միանալը, նա աշխատում էր ԱՄՆ Կոնգրեսում, նախ որպես Ինդիանա նահանգի սենատոր Ջո Դոնելիի մամուլի օգնական, ապա Ներկայացուցիչների պալատի Ազգային անվտանգության հանձնաժողովի մեծամասնության աշխատակազմի մամուլի քարտուղարի տեղակալ:

Ծնվել է Օհայոյի Կոլումբուս քաղաքում, լիբանանահայ ներգաղթյալ ծնողների ընտանիքում: Հաջինազարյանը ավարտել է Ինդիանայի համալսարանը և Վաշինգտոնի համալսարանի քաղաքական կառավարման բարձրագույն դպրոցը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին