Կարևոր իրադարձություններ

Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում կորոնավիրուսի օջախ է բացահայտվել. ԱՀ ԱՆ

15 Հունվար, 2021 15:50
Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում կորոնավիրուսի օջախ է բացահայտվել. ԱՀ ԱՆ

Սույն թվականի հունվարի 15-ի դրությամբ կատարված թեստավորումների արդյունքում Ասկերանի շրջանի Նորագյուղ և Հովսեփավան համայնքներում բացահայտվել է կորոնավիրուսի օջախ: Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից։

Վերջին օրերին կատարվել է 261 թեստավորում, որից հիշյալ համայնքների բնակիչների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 143 նոր դեպք: Նշված համայնքներում սահմանվել է մասնակի կարանտին, կիրառվում են ելքի և մուտքի սահմանափակումներ:

ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Ասկերանի շրջանային բաժնի մասնագետները ախտահանման աշխատանքներ են կատարել համայնքների հաստատված օջախներում, այդ թվում՝ ուսումնական հաստատություններում, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացրել հաստատված դեպքի կոնտակտավորներից:

Ընդհանուր առմամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2174 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 36 վարակակիր: Կատարվել է 18184 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել մասնագետների ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: Պետք է հիշել, որ յուրաքանչյուրի պատասխանատվության ու ինքնագիտակցության բարձր աստիճանով է պայմանավորված իրականացվող աշխատանքների արդյունավետությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին