Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    623
    637

  • RUB

    7,01
    7,27

Կարևոր իրադարձություններ

Պարզվել են Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահի առանձնատան վրա ավազակային հարձակում կազմակերպելու դեպքի հանգամանքները

29 Դեկտեմբեր, 2020 10:54
Պարզվել են Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահի առանձնատան վրա ավազակային հարձակում կազմակերպելու դեպքի հանգամանքները

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ավարտվել է ՀՀ քաղաքացիներ Ա.Կ.-ի և Ա.Ն.-ի ստեղծած հանցավոր համագործակցության կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով կազմակերպված խմբի կողմից 2008 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Ա. Ա.-ին պատկանող, Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 34 «բ» հասցեում գտնվող առանձնատան վրա ավազակային հարձակումը հանրությանը «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ հայտնի Լ.Ս.-ի կողմից կազմակերպելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

 

Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական հանգամանքներով հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքացի Ա.Կ-ն, գտնվելով Ամերիկայի Միացյալ Նահանգներում, 2004 թվականի մայիսի սկզբին մի խումբ անձանց հետ, ԱՄՆ Կալիֆորնիա Նահանգի Լոս-Անջելես քաղաքում 2004 թվականի մայիսի 12-ին և 25-ին, ինչպես նաև հունիսի 9-ին և 13-ին համապատասխանաբար «Ավիանի», «Միկա» և «Շրեջի» ոսկերչական ընկերություններին պատկանող առևտրային ձեռնարկություններից և լոմբարդից ընդհանուր առմամբ գաղտնի հափշտակել է 150.000 ԱՄՆ դոլարի արժեքներ, և վերջին դեպքով, հանցակիցներին փախուստի պահին ոստիկանների կողմից բռնելուց հետո, թաքնվել է իրավապահ մարմիններից ու, լքելով ԱՄՆ տարածքը, բնակություն է հաստատել Հայաստանի Հանրապետությունում։

ԱՄՆ իշխանությունների կողմից գտնվելով հետախուզման մեջ՝ Ա.Կ.-ն չի հրաժարվել հանցավոր ապրելակերպից և համաձայնության գալով ՀՀ ոստիկանության աշխատակից Ա.Ն.-ի հետ, վերջինիս հետ միասին 2007 թվականի նոյեմբերին ստեղծել է հանցավոր համագործակցություն՝ կազմակերպված խումբ՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով։

Ա.Կ.-ի միջոցով ծանոթ լինելով Ա.Ն.-ի հետ և իմանալով նշված հանցավոր համագործակցության անդամների կողմից «Վաղարշ և որդիներ» ՍՊԸ պատկանող ոսկյա զարդերի տոնավաճառի 1-ին հարկում տեղակայված, ՀՀ քաղաքացի Վ.Վ-ին վարձակալմամբ տրամադրված թիվ 5 վաճառասրահի վրա 2007 թվականի նոյեմբերի 29-ին կատարված ավազակային հարձակման մասին, «Ալրաղացի Լյովիկ» մականվամբ Լ.Ս.-ն լարված հարաբերությունների մեջ գտնվելով ՀՀ ԿԱ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Ա. Ա.-ի հետ, վերջինիս պատժելու և առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու նպատակով որոշել է նշված հանցավոր խմբի ուժերով իրականացնել ավազակային հարձակում վերջինիս առանձնատան վրա։ Նշված հանցավոր մտադրության մասին Լ.Ս.-ն հայտնել է քրոջ ամուսնուն՝ Ս.Ղ.-ին, ով համաձայնել է օժանդակել հանցագործության կատարմանը և, նախկինում լինելով Ա.Ա.-ի օգնականը, պատրաստակամություն է հայտնել մանրամասն նկարագրել վերջինիս առանձնատան կառուցվածքը և չհրկիզվող պահարանների տեղակայման վայրերը։

 

Ըստ պայմանավորվածության՝ Ա.Կ.-ն որոշել է հանցագործությանը մասնակից դարձնել իր վստահելի անձանց՝ կազմակերպված խմբի անդամներին, իսկ կազմակերպված խմբի ղեկավարների կողմից հանցագործությանը մասնակից յուրաքանչյուր անդամին խոստացվել է հանցագործության բարեհաջող ավարտից հետո վճարել 100.000-ական ԱՄՆ դոլար։ Իսպանիայում գտնվող Բ.Ս.-ի՝ ՀՀ վերադառնալու, ինչպես նաև հանցագործության նախապատրաստման այլ ծախսերը հոգալու՝ զինվորական հատուկ մարտական ջոկատի հանդերձանք և ավտոմեքենաների վառելանյութ ձեռք բերելու համար, Ա.Ն.-ն Ա.Ս.-ին է տվել 5.000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև հրազեն հանդիսացող «ՊՄ» տեսակի ատրճանակ՝ իր պահունակով և ռազմամթերք հանդիսացող 9 մմ տրամաչափի թվով 8 փամփուշտներով, որոնք Ա.Ս.-ն տվել է Հ.Մ.-ին։

Վերջինին է տրվել նաև տուժողի առանձնատան, սենյակների դասավորվածությամբ, առանձնատան հարակից տարածքի վերաբերյալ կազմված գծագիրը։ Տրամադրված գումարների հաշվին Բ.Ս.-ն վերադարձել է Իսպանիայից, իսկ Ա. Ս.-ի կողմից ձեռք են բերվել 5 անձի համար նախատեսված զինվորական հանդերձանք, որոնք հանցավոր խմբի անդամների կողմից ներկվել են սև գույնով և համազգեստների վերին, մեջքի մասում, ռուսերեն կատարվել է «սպեցնազ» գրառումը, բնակարան մուտք կատարելու գործընթացն ավելի դյուրին դարձնելու նպատակով։ Պլանավորված հանցագործությունն իրականացնելու համար հանցավոր խմբի անդամները 2008 թվականի հոկտեմբերի 26-ին, երեկոյան, հավաքվել են Երևանի Չարբախ թաղամասում վարձակալված՝ Երևան քաղաքի Շիրակի փողոցի 70-րդ շենքի թիվ 7 բնակարանում, ուսումնասիրել տուժողին պատկանող առանձնատան, դրա շրջակա տարածքի, սենյակների դասավորվածությամբ գծագիրը, յուրաքանչյուրը ստացել նախապես ձեռք բերված՝ իրավապահ մարմինների հատուկ ջոկատների համար նախատեսված հանդերձանքը՝ համազգեստներ և դիմակներ, ինչպես նաև մարտական, գազային և օդամղիչ ատրճանակները, որոշվել է յուրաքանչյուր մասնակցի կոնկրետ դերն իրականացվելիք հանցագործությունում։ Ըստ պայմանավորվածության, հանցավոր խմբի անդամները 2008 թվականի հոկտեմբերի 26-ի լույս 27-ի գիշերը՝ ժամը 00։30-ի սահմաններում, վերոհիշյալ 2 ավտոմեքենաներով մեկնել են Երևանի Իսահակյան փողոցի 34 «բ» առանձնատան մոտ։ Ա.Ս.-ն իր վարած «ԳԱԶ-31» մակնիշի ավտոմեքենան կայանել է առանձնատնից քիչ հեռու և սկսել դիտարկումներ իրականացնել շրջակա տարածքում, իսկ Ա.Խ.-ն հափշտակված պետհամարանիշներով «ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենան ետևի մասով կանգնեցրել է առանձնատան պարսպապատի դարպասների մոտ, որպեսզի առանձնատուն մուտք գործող հանցակիցները՝ զինված մարտական, օդամղիչ և գազային ատրճանակներով, ինչպես նաև ճանապարհին զգեստափոխված հատուկջոկատայինների համար նախատեսված հանդերձանքով, բարձրանան ավտոմեքենայի տանիքին և պարսպապատից ցատկեն տան հարակից տարածք։ Ըստ պլանավորված գործողությունների՝ Բ.Ս.-ն, որը դիմակավորված չի եղել, բարձրացել է ավտոմեքենայի տանիքին, պարսպապատի դարպասներից ցատկել է տան բակ և, իր մոտ գտնվող ատրճանակը պահելով տան անվտանգությունն ապահովող դեմառդեմ դուրս եկած անձի վրա, սպառնացել է գործադրել այն և զինաթափել է նրան։ Օգտվելով առիթից, որ առաջացած ձայներից բնակարանի մուտքի դուռը բացել է Ա. Ա.-ի մայրը, հանցավոր խմբի 5 անդամները նրան հրելով մուտք են գործել բնակարան, իրենց մոտ գտնվող ատրճանակները գործադրելու սպառնալիքներ են ուղղել ինչպես վերջինիս, այնպես էլ բնակարանում գտնվող տուժողի հորը և որդուն, հատուկ նպատակով իրենց հետ վերցված կպչուն ժապավենով կապել են նրանց ձեռքերը, ոտքերը՝ այդ նույն ժապավեններով փակելով նաև նրանց բերանները։ Այնուհետև հանցավոր խմբի նշված 5 անդամները բնակարանի ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ հարկի սենյակներում փնտրելով և գտնելով շուրջ 45 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ տարբեր ոսկյա զարդեր, ավարտական դիպլոմներ, ամուսնության վկայական և զինվորական գրքույկներ, դրանք տեղավորել են հիշյալ պայուսակում և հափշտակելով՝ դուրս են եկել բնակարանից ու նշված երկու ավտոմեքենաներով հեռացել։

Նույն գիշերը խմբի անդամները գողոնով պայուսակը բերել են Ա.Կ.-ի բնակարան, իսկ նրանց հեռանալուց հետո այնտեղ է եկել Լ.Ս.-ն, ով զննել է պայուսակի պարունակությունը և, ընտրելով ադամանդյա քարերով ոսկյա խաչ և շղթա, ինչպես նաև 2 ժամացույց, վերցրել է դրանք և Ա.Կ.-ին ցուցում է տվել մնացածը պահել՝ մինչև հետագա հրահանգներ ստանալը։ Ա.Կ.-ն այն պահելու համար հանձնել է հանցավոր համագործակցության անդամ, իր բարեկամ Ս.Մ.-ին, իսկ 2009 թվականի հունվարի 13-ին Լ.Ս.-ի առաջարկով մեկնել է Ծաղկաձոր քաղաքում գտնվող նրա առանձնատուն, ուր վերջինս իրեն տրամադրել է մի հեռախոսահամար և ցուցում է տվել, որպեսզի զանգահարի դրանով և զրուցակցին հանդիպման ժամանակ հանձնի մնացյալ՝ ընդհանուր 8.659.000 ՀՀ դրամ գողոն պարունակող պայուսակը, ինչը և կատարվել է նրա կողմից։

Նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար Լ.Ս.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նույն գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել նաև Ս.Ղ.-ին:

2020 թվականի դեկտեմբերի 28-ին քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործն ըստ էության քննության առնելու նպատակով դատարան ուղարկելու նպատակով։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին