Կարևոր իրադարձություններ

Արթուր Դավթյանը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է իրավական փոխօգնության ոլորտի հարցեր

28 Դեկտեմբեր, 2020 19:46
Արթուր Դավթյանը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է իրավական փոխօգնության ոլորտի հարցեր

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։

Ողջունելով հյուրին՝ ՀՀ գլխավոր դատախազը նախ շնորհավորել է պարոն Կոնյուկին մեր երկրում ստանձնած առաքելության կապակցությամբ և մաղթել արդյունավետ, երկու բարեկամ երկրների շահերին նպաստող բեղմնավոր գործունեություն: 

Արթուր Դավթյանը վստահություն է հայտնել, որ իր նախկին՝ Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում պարոն Կոնյուկի աշխատանքային փորձառությունը, այդ համատեքստում երկու երկրների դատախազությունների միջև ծավալված երկկողմ և բազմակողմ գործակցությունը, միջանձնային ջերմ և անմիջական հարաբերությունները լուրջ նախադրյալներ են ստեղծում երկու կառույցների միջև համագործակցությանը նոր որակ հաղորդելու համար՝ միտված այն առավել սերտ, թիրախային դարձնելուն: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Բելառուսի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել արդեն իսկ առկա բազայի և իր համար տեսանելի ինստիտուցիոնալ կարիքների հիման վրա խթանելու իրավական ոլորտում երկու երկրների հարաբերությունների ընդլայնմանը, անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում երկու երկրների իրավապահ մարմինների ռեսուրսներն առավել նպատակային կիրառելուն ուղղված նախաձեռնությունները: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավական փոխօգնության ոլորտում գործակցությանը, երկու երկրների դատախազությունների միջև փորձի փոխանակմանը, դրանից բխող համատեղ ծրագրերին, հնարավոր ուղղություններին և մեխանիզմներին վերաբերող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:   

 

Լրահոս

Դիտել ավելին