Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    516
    522

  • EUR

    620
    634

  • RUB

    6,92
    7,18

Կարևոր իրադարձություններ

Մի տուփ ջերմություն Արցախի երեխաներին «Գալաքսի» ընկերությունների խմբից

28 Դեկտեմբեր, 2020 16:01
Մի տուփ ջերմություն Արցախի երեխաներին «Գալաքսի» ընկերությունների խմբից

Հայությունն ապրում է մեր նորօրյա պատմության բարդագույն ժամանակաշրջաններից մեկը. մեզ՝ բոլորիս, մեծ ցավ է համակել: Սակայն մենք գիտակցում ենք, որ անկախ այդ ամենից, մեր մանուկները պետք է զգան ամանորի շունչն ու տոնական տրամադրությունը։

Ամանորին ընդառաջ՝ «Գալաքսի» ընկերությունների խումբը և «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությունը համախմբեցին իրենց ջանքերը բարության և հոգատարության գաղափարի շուրջ։ «Գաղտնի Ձմեռ պապ» համատեղ նախաձեռնության շրջանակներում Հայաստանում ապաստանած արցախցի ընտանիքների 300 երեխաներ այս տարի ստացան իրենց նվերները։

«2020 թվականի աշունը հավերժ կմնա մեր պատմության ամենաողբերգական էջերից մեկը։ Յուրաքանչյուր հայ այս օրերին սգում է հայրենազրկման և պատերազմում ընկած մեր քաջ հայորդիների կորստի ցավը։ Մենք իհարկե գիտակցում ենք, որ այս նախաձեռնությամբ հնարավոր չէ մեղմել այն ահռելի ցավն ու ողբերգությունը, որ այս օրերին ապրում են արցախցի ընտանիքները, և ցավոք սրտի, նաև երեխաները, սակայն այն միտքը, որ այս ծանրոցները կարող են թեկուզ թույլ ժպիտ պարգևել արցախցի մանուկներին, մեզ ստիպեց ոգեշնչվել և իրականացնել այս ծրագիրը», - ասաց «Գալաքսի» ընկերությունների խմբի Հաղորդակցության ղեկավար Շուշան Հարությունյանը։

Յուրաքանչյուր երեխայի «մի տուփ ջերմություն» նվիրեցին «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում հանդես եկող «Յուքոմի», «Մեգաֆուդի», «Երևան Մոլի», «Մեգաթոյզի», «Կինոպարկի», «Մեգասպորտի», «Թայմի», «Խրոնոգրաֆի», «Տերյան 5»-ի, «Սանտաֆեի», «Պահեստ33-ի» աշխատակիցները։

«Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության ռեսուրսների հավաքագրման բաժնի ղեկավար Իզաբելլա Մանասարյանի խոսքով` արդեն չորրորդ անգամ անցկացվող «Գաղտնի Ձմեռ պապ» նախաձեռնությամբ կազմակերպությունն այս տարի աջակցում է Արցախից Հայաստան եկած, պատերազմական իրավիճակից տուժած, ինչպես նաև կարիքի մեջ հայտնված ընտանիքներին ու նրանց երեխաներին։

«Շատ շնորհակալ եմ «Գալաքսի» ընկերությունների խմբին 300 երեխայի ամանորյա նվերներով այսքան ուրախացնելու համար: Ըստ մեր ուսումնասիրությունների` Արցախից Հայաստան ժամանած ընտանիքներում ամանորյա նվերներ գնելն այս օրերին հետին պլան է մղվել հոգսաշատ առօրյայի պատճառով», - ասաց Մանասարյանը:

Նվերներն ուղևորվեցին Շիրակի մարզ՝ Ամասիա համայնք։

«Գալաքսի» ընկերությունների խումբը Հայաստանի խոշորագույն հոլդինգային ընկերություններից մեկն է։ Այն ի դեմս իր կազմում հանդես եկող միավորների Հայաստանի խոշոր հարկատուներից է։ «Գալաքսիի» սոցիալական պատասխանատվության պորտֆելը կազմում է ընկերության շահույթի զգալի մասը, որը տարեկան կտրվածքով ուղղվում է կրթության, նորարարության և արվեստների աջակցմանը մարդկանց կյանքի որակը բարելավելու նպատակով։

Վորլդ Վիժնը ծառայում է աշխարհի 100-ից ավել երկրներում՝ նպաստելով միլիոնավոր երեխաների և նրանց ընտանիքների բարեկեցությանը։ Հայաստանում կազմակերպությունն իր գործունեությունն սկսել է 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո՝ տրամադրելով հումանիտար աջակցություն։ Ապա մարդասիրական օգնությանը զուգահեռ «Վորլդ Վիժնը» սկսել է իրականացնել զարգացման ծրագրեր։ Կազմակերպությունն այսօր աջակցում է յուրաքանչյուր 7-րդ երեխային Հայաստանում կամ ավելի քան 650 000 երեխայի վերջին 30 տարվա ընթացքում։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին