Կարևոր իրադարձություններ

«Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից մշակվել է Փաստահավաք խումբ ստեղծելու մասին նախագիծ

24 Դեկտեմբեր, 2020 17:12
Հեղինակ՝ Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից մշակվել է Փաստահավաք խումբ ստեղծելու մասին նախագիծ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Պատերազմը մեզնից խլեց ամենաթանկը, պատերազմի հետևանքներին առերեսվելու ենք երկար տարիներ, իսկ պարտությունից քաղած դասերը դեռ պետք է հասկանանք ու խորը վերլուծենք։

Բոլորս ենք ականատես եղել 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո չդադարող իրարամերժ հայտարարություններին, փոխադարձ մեղադրանքներին, պատերազմի հետևանքով մեր առջև ծառացած անվտանգային, քաղաքական ու սոցիալ-տնտեսական խնդիրներին։
 
Եվ, ըստ այդմ, նպատակ ունենալով վերհանել օբյեկտիվ ճշմարտությունը պատերազմի պատճառների և պատերազմում կրած պարտության վերաբերյալ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից մշակվել է Փաստահավաք խումբ ստեղծելու մասին նախագիծ, ըստ որի՝ փաստահավաք խմբում ներկայացված կլինեն վերջին խորհրդարանական ընտրություններին մասնակցած և առաջին 6 տեղերը զբաղեցրած քաղաքական ուժերը (3 խորհրդարանական ուժ՝ 4-ական ներկայացուցիչներով, 3 արտախորհրդարանական ուժ՝ 1-ական ներկայացուցիչներով), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը (ընդհանուր՝ 16 անդամ)։
 
Ըստ նախագծի՝ Փաստահավաք խմբի ուսումնասիրման առարկան է՝
 թշնամու կողմից արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված և 44 օր տևած պատերազմական գործողությունների ընթացքը,
 պատերազմին նախորդող շրջանի իրադարձությունները (այդ թվում՝ դիվանագիտական հարթությունում, սպառազինության ձեռքբերման առումներով և այլն), որոնք կարող էին հիմք ծառայել պատերազմն սկսվելու և այն պարտվելու համար,
 պատերազմից հետո՝ ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․ Վ․ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի. Հ. Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․ Վ․ Պուտինի կողմից 2020թ. նոյեմբերի 09-ին ստորագրված հայտարարությամբ ստանձնված պարտավորությունների, տեղի ունեցող հանգամանքները, ինչպես նաև Պատերազմի ուղղակի հետևանքը հանդիսացող այլ իրադարձությունները։
Փաստահավաք խմբի անդամներն աշխատելու են հասարակական հիմունքներով։
 
Փաստահավաք խումբն իր գործունեության արդյունքներով Ազգային ժողովին ներկայացնում է զեկույց (ներառյալ հատուկ կարծիք(ներ)ը՝ առկայության դեպքում), որում ներկայացվում են պատերազմի ընթացքի, նախապատերազմյան և հետպատերազմյան փուլերի իրադարձություններին վերաբերող փաստերի շարադրանքը, դրանք հիմնավորող ապացույցները, դրանց վերաբերյալ Փաստահավաք խմբի անդամներին տրված մեկնաբանությունները:
 
Բնականաբար մենք գիտակցում ենք, որ այս զեկույցը կարող է ունենալ կարևոր իրավաքաղաքական հետևանքներ և որ դրա շուրջ աշխատանքները պետք է իրականացվեն հնարավորինս անաչառ և մանրամասն, ըստ այդմ՝ Փաստահավաք խմբի աշխատանքների համար նախատեսվել է մինչև 10 ամիս ժամանակ։
 
Նախագծի օրինակներն արդեն իսկ ուղարկված են վերոնշյալ քաղաքական ուժերին, ինչպես նաև ՄԻՊ գրասենյակ, որտեղից սպասում ենք դիրքորոշում և առաջարկներ, որոնք ի մի բերելով, վերջնական լրամշակված տարբերակը կարող է շրջանառության մեջ դրվել կառավարության որոշման կամ օրենսդրական ակտի նախագծի տեսքով»։

 

Լրահոս

Դիտել ավելին