Կարևոր իրադարձություններ

2021թ. համար հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ ՊԵԿ նախագահը

23 Դեկտեմբեր, 2020 21:31
2021թ. համար հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ ՊԵԿ նախագահը

2020թ. դեկտեմբերի 23-ին կայացել է ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի (ԱՊՀ ՀԾՂՀԽ) 27-րդ նիստը: Մասնակցել են անդամ պետությունների հարկային մարմինների պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ։ Համավարակով (COVID-19) պայմանավորված նիստն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ լրատվական ծառայությունից։

Խորհրդի նիստին հայաստանյան պատվիրակությունը ներկայացրել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը։

Նիստի հիմնական թեման նվիրված էր ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների գործունեությանը համավարակի (COVID-19) պայմաններում և դրա հետևանքների հաղթահարմանը։

Այս համատեքստում, ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը նիստի ընթացքում ներկայացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից  համավարակի (COVID-19) հաղթահարմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ շնորհանդես: 

Նիստի ընթացքում քննարկվել են նաև հարկային մարմինների կողմից հարկային որոշակիության բարձրացման արդի ուղղությունները, համատեղ հարկային ստուգումների և հարկային վարչարարության բարելավման մի շարք հարցեր։ Հաստատվել է նաև  2021 ԱՊՀ անդամ պետությունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի աշխատանքային ծրագիրը: 

Նիստի ժամանակ ընդգծվել է նաև ԱՊՀ երկրների հարկային մարմինների միջև փոխգործակցության կարևորությունը՝ էլեկտրոնային եղանակով տեղեկություններ փոխանակելու հարցում: Հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի աշխատանքային խումբն արդեն մշակել և հաստատել է տեղեկատվության փոխանակման ձևաչափերը։ Ավելին, 2020թ. ընթացքում հարկային մարմինների միջև իրականացվել են էլեկտրոնային եղանակով տեղեկությունների թեստային փոխանակումներ, իսկ 2021թ. նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային եղանակով առկա տեղեկությունների ամբողջական փոխանակում: 

Նիստի շրջանակում 2021թ. համար Հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Հաջորդ՝ 28-րդ նիստը կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում՝ 2021թ. հոկտեմբերին:

 

Լրահոս

Դիտել ավելին