Կարևոր իրադարձություններ

Կայացել է Ստեփանակերտի ավագանու հերթական նիստը

23 Դեկտեմբեր, 2020 17:46
Կայացել է Ստեփանակերտի ավագանու հերթական նիստը

Ստեփանակերտի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ այսօր կայացել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստը՝ Ստեփանակերտի քաղաքապետի նախագահությամբ:
Նախքան օրակարգին անցնելը՝ Դավիթ Սարգսյանը երախտագիտություն հայտնեց քաղաքապետարանի աշխատակազմին ու ավագանու անդամներին՝ պատերազմի օրերին համախմբվելու և, անկախ քաղաքական հայացքներից ու կուսակցական պատկանելիությունից, բնակչության խնդիրներին հաղորդակից լինելու, դրանց կարգավորման հարցում հետևողականություն ու միասնականություն ցուցաբերելու համար: Չնայած ռազմագործողություններ այլևս չկան, պատերազմի հետևանքները դեռ թարմ են: Ցավոք, մարդկային կորուստներն անդառնալի են, բայց ավերածությունների չեզոքացումը հնարավոր է: Արվելու է առավելագույնը մայրաքաղաքն իր մինչպատերազմյան տեսքին վերադարձնելու համար: Դրանում կներգրավվեն ինչպես պետական և համայնքային միջոցներ, այնպես էլ մասնավոր ներդրումներ: Քաղաքապետը առանձին անդրադարձել է տարհանված բնակիչների խնդիրներին: Բնականաբար, առաջնահերթը բնակարանայինն է: Քիչ չեն նաև կենցաղային դժվարությունները: Դավիթ Սարգսյանը հորդորեց միայն կոչերով չլինել նրանց կողքին, այլ ռեալ գործերով: Ինքը միշտ պատրաստ է իր լիազորությունների և հնարավորությունների շրջանակներում սատար կանգնել նեղության մեջ հայտնված հայրենակիցներին: Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկներում թափուր աշխատատեղերի առկայության դեպքում էլ նախապատվությունը տրվելու է Ստեփանակերտում բնակվող տարհանվածներին: Պատերազմը նաև սրբագրեց համայնքային բյուջեի մուտքային մասը: Մասնավորապես,
✅մինչև գալիք տարվա հունվարի մեկը քաղաքացիները ազատվում են մատակարարված խմելու ջրի և աղբահանության դիմաց վճարներից:
✅Մեկ տարի ժամկետով գույքահարկ չի մուծվելու 2020թ. պատերազմում զոհվածներին, վիրավորներին և որոշ այլ կատեգորիաների քաղաքացիներին պատկանող մեքենաների համար՝ համապատասխան տեղեկանքի դեպքում:

Նիստի մեկնարկին Դավիթ Սարգսյանը ներկաներին նաև տեղեկացրեց, որ ավագանու անդամ Գրիգորի Սարգսյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվում են՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Նիստի բուն օրակարգում ֆինանսական բլոկի հարցեր էին ներառված, որոնք ներկայացրեց քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսա-բյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը:
✅ Ավագանին ի գիտություն ընդունեց քաղաքային համայնքի 2020թ-ի բյուջեի 9 ամսվա կատարման մասին հաղորդումը: Նշված ժամանակահատվածում ընդհանուր մուտքերը կազմել են 1072239.4 հազ.դրամ՝ նախատեսված 1306822.0 հազ.դրամի փոխարեն, կատարողականը՝ 82.0 %: Ընդհանուր մուտքերի 28.5 %-ը կազմել են սեփական եկամուտները, որոնց գծով կատարողականը կազմում է 84.4 %: Բյուջեի ծախսերը ֆինանսավորվել են 1072322.2 հազ.դրամի չափով, պլանավորված 1318429.0 հազ.դրամի 81.3 %-ը:
✅Որոշում է ընդունվել Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2021թ. տեղական տուրքերի և վճարների, համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը և համայնքի սեփականություն համարվող գույքի վարձավճարները սահմանելու մասին:
✅ Համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից գոււմար հատկացվեց ավագանու անդամներին՝ 2020թ-ի 9 ամսվա և տարեկան ծախսերի փոխհատուցման նպատակով:
Նիստի վերջում ևս մեկ անգամ ընդգծվեց նպատակային աշխատանքի ու քաղաքացիների հանդեպ սրտացավ վերաբերմունքի նշանակությունը: Քաղաքապետի այս հորդոր-առաջարկը ողջունեցին ավագանու անդամները՝ կարևորելով հատկապես տարհանվածների հոգսերին իրազեկ լինելու գործում թաղկոմների ակտիվ մասնակցությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին