Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520,5

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,92
    7,18

Կարևոր իրադարձություններ

Իսի-Լե-Մուլինոյի քաղաքային խորհրդի բանաձևը՝ Ֆրանսիայի կողմից Արցախի ճանաչման վերաբերյալ

23 Դեկտեմբեր, 2020 14:47
Իսի-Լե-Մուլինոյի քաղաքային խորհրդի բանաձևը՝ Ֆրանսիայի կողմից Արցախի ճանաչման վերաբերյալ

Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է Իսի-Լե-Մուլինոյի քաղաքային խորհրդի բանաձևը՝ Ֆրանսիայի կողմից Արցախի ճանաչման վերաբերյալ․

«2020 թ.-ի դեկտեմբերի 10-ի քաղաքային խորհրդի նիստ
Քաղաքապետը քաղաքային խորհրդին ներկայացնում է հետևյալը.

Առողջապահական, տնտեսական և սոցիալական աննախադեպ ճգնաժամի առջև կանգնած աշխարհը 2020 թ.-ի սեպտեմբերի 27-ին՝ քսանհինգ տարվա ապարդյուն դիվանագիտական ջանքերից հետո, ականատես եղավ Արցախի տարածքում հակամարտության կտրուկ վերսկսմանը:

Թուրքական և ջիհադիստական ուժերի աջակցությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից կրակի և արյան հեղեղ թափվեց այս տարածքի վրա, որը հանդիսանում է քրիստոնեության բնօրրանը, պատմական Հայաստանի արևելյան հատվածի մի մասը և հազարամյակներ ի վեր բնակեցված է հայերով:

Մի կողմից հայերի և մյուս կողմից ադրբեջանցիների, թուրքերի և ջիհադիստների միջև վեց շաբաթ տևած անխնա բախումներից հետո Երևանը ստիպված եղավ համաձայնվել ստորագրել 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագիրը Ռուսաստանի միջնորդությամբ: Այնուամենայնիվ, խնդրին լուծում չի տրվել:

Ինչպես այդ մասին խոստովանել է նաև Ֆրանսիան, համաձայնագիրը ոչ մի կերպ չի լուծում Արցախի կարգավիճակի հարցը: Մարտերից փախած 120 000 հայ փախստականներին պետք է հնարավորություն տրվի վերադառնալ իրենց տներ: Թուրքիայի կողմից ուղարկված սիրիացի 2000 վարձկանները պետք է անհապաղ լքեն տարածաշրջանը: Բացի այդ, հարցականներ են մնում Հայաստանի տարածքային ամբողջականության և պետության ինքնիշխանության վերաբերյալ` պայմանավորված Ադրբեջանին և Նախիջևանի ինքնավար մարզին կապող ճանապարհային միջանցքով:

Աշխարհի բոլոր հայերի համար նման ագրեսիայի դրսևորումները, քաղաքացիական խաղաղ բնակչության թիրախավորումը, էթնիկ և կրոնական զտումների իրականացումը արթնացնում են 1915 թ.-ի ցեղասպանության սարսափելի հուշերը:
1920-ական թվականներին Իսի-լե-Մուլինո քաղաքը իր դռները բացեց բազմաթիվ հայ փախստականների առջև և այդպիսով ստեղծվեց Իլ-դը-Ֆրանսում ամենամեծ համայնքներից մեկը: Հետևաբար, Իսի-լե-Մուլինոյի ինքնությունն ու պատմությունը մեկ դար շարունակ անքակտելի են եղել հայոց հարցից: Իսի-լե-Մուլինոյի ներկան և ապագան միշտ կապված են Հայաստանի հետ, ինչի մասին վկայում են մասնավորապես բարեկական հարաբերությունները և համագործակցության ծրագրերը, որոնք ավելի քան 30 տարի կապում են Իսի-լե-Մուլինոն իր հայկական քույր քաղաք Էջմիածին:

Հետևաբար, անսասանորեն հավատարիմ իր արժեքներին՝ ժողովրդավարությանը, համերաշխությանը, պատասխանատվության ոգուն, և առերեսվելով 1915 թ.-ի ցեղասպանության պատասխանատու և միևնույն ժամանակ դա մինչ օրս ժխտող Թուրքիայի ակտիվացմանը Կովկասում, Իսի-լե-Մուլինոյի քաղաքային իշխանությունները հրավիրում են կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը:
Արցախի ճանաչումը նպատակ ունի հաստատել կայուն խաղաղություն, քանզի այլևս տապալվել է Ֆրանսիայի, Եվրոպայի և ՆԱՏՕ-ի պաշտպանած անկողմնակալության պահանջը:

Սենատը դա լավ հասկացավ, քանի որ սույն թվականի նոյեմբերի 25-ին դարձավ առաջին արևմտյան խորհրդարանական մարմինը, որը ճանաչեց ինքնահռչակ Արցախի Հանրապետությունը: Սենատի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին» բանաձևը նաև կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը տրամադրել զանգվածային մարդասիրական օգնություն, պահանջել միջազգային հետաքննության իրականացում պատերազմական հանցագործությունների վերաբերյալ և հաստատում է տեղահանվածների վերադարձի իրավունքը, ինչպես նաև հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը պահպանելու անհրաժեշտությունը:

Այս ամենից ելնելով, որպեսզի Արցախի և Հայաստանի հայերը ազատ ու խաղաղ ապրեն իրենց պապենական հողերում, Իսի-լե-Մուլինոյի քաղաքային խորհուրդը կոչ է անում, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի Հանրապետությունը՝որպես իր բնակչության անվտանգություն և տարածաշրջանային ու միջազգային կայունության երաշխիք:
Քաղաքային խորհուրդը,
Հիմք ընդունելով Տեղական ինքնակառավարման մարմինների ընդհանուր օրենսգիրքը և մասնավորապես Լ. 2121-29 հոդվածը,
Հիմք ընդունելով Քաղաքային խորհրդի ներքին կանոնակարգը և մասնավորապես 9-րդ հոդվածը,
Սույն զեկույցը լսելուց և
Այն քննարկելուց հետո,
Ընդունում է Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) ճանաչման բանաձեւ,
Որոշում է ծանուցել սույն բանաձեւի մասին․
– Էջմիածնի քաղաքապետ տիկին Դիանա Գասպարյանին,
– Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին,
– Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի նախագահներ պարոնայք Արա Թորանյան և Մուրադ Փափազյանին,
– Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ պրն Հովհաննես Գևորգյանին;
– Ֆրանսիայում Հայաստանի դեսպան տիկին Հասմիկ Տոլմաջյանին;
– Հայաստանում Ֆրանսիայի դեսպան պրն Ջոնաթան Լաքոթին»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Էջմիածնի քույր քաղաք Իսի լե Մուլինոյի (Ֆրանսիա) քաղաքային խորհուրդը արտահայտվել է հօգուտ Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղ) ճանաչման՝ կոչ անելով Ֆրանսիայի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետությունը:

Լրահոս

Դիտել ավելին