Կարևոր իրադարձություններ

Մի քանի անտառտնտեսությունում կներդրվի անտառկառավարման նոր մոդել

22 Դեկտեմբեր, 2020 23:47
Մի քանի անտառտնտեսությունում կներդրվի անտառկառավարման նոր մոդել

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է «Հայանտառ» ՊՈԱԿ «Անտառտնտեսություն» մասնաճյուղերի տնօրեններին։ Այս մասին հայտնում են ՇՄ նախարարության լրատվական ծառայությունից։

Օրակարգային հարցերի քննարկումը մեկնարկել է հետպատերազմական այս փուլում առկա իրավիճակի, անտառների կառավարման և հրատապ լուծումների կարիք ունեցող խնդիրների անդրադարձից։ Նախարարը ներկայացրել է անտառտնտեսությունների ոլորտում բարեփոխումների և անտառկառավարման իր տեսլականը, քննարկվել են հետագա համատեղ փոխգործակցության առաջնահերթությունները և այն հարթությունը, որի մեջ մտադիր են արդյունքներ գրանցել։ Նախատեսված են բավականին շրջադարձային փոփոխություններ։

Նախարարն անդրադարձել է անտառհատումների թվի մտահոգիչ վիճակագրությանը։ Անկախ սահմանային գոտիներում պաշտպանական նպատակներով անտառհատումներից, մտահոգիչ է նաև ապօրինի անտառհատումների ծավալը թիկունքային անտառտնտեսությունների տարածքներում։ Քննարկվել է անտառկառավարման ոլորտում գույքագրված խնդիրների ողջ համալիրը՝ պարեկապահակային ծառայություն, վերահսկողական գործառույթի իրականացում ու խնդիրներին օպերատիվ արձագանքի կազմակերպում։

Նախարարը ներկայացրել է անտառկառավարման նոր մոդելը, որի փորձնական տարբերակի ներդնումը մի քանի անտառտնեսություններում նախատեսվում է արդեն 2021 թվականի սկզբին։ Թափուկ վառելափայտի հավաքումը, բնաշվային էտը, կոճղաշվային էտը, արդյունագործական անտառհատումները կիրականացվեն բացառապես պետական կառավարման ինստիտուտի՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջոցներով, տեխնիկայով, տնտեսվարմամբ, և այն շահույթները, որոնք գեներացնում էին անհատ ՍՊՆ-ներ, կուղղվեն աշխատավարձերի բարձրացմանը և ՊՈԱԿ-ի սեփական կարողությունների ընդլայնմանը։ Նախարարը գործընկերներին ներկայացրել է, որ այժմ փոխնախարարը բանակցություններ է վարում միջազգային գործընկերների, մասնավորապես Չեխիայի հետ, անտառկառավարման փորձի փոխանակման ուղղությամբ։

Անդրադարձ է կատարվել նաև անտառների պահպանման կարևորագույն բաղադրիչին։ Նախարարը խոսել է ռենջերների ինստիտուտի ներդրման մասին, ներկայացրել այլ ոլորտներում ներդրված 24-ժամյա աշխատանքային ռեժիմով պահնորդական ջոկատների օրինակները և հույս հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանի անտառները վերահսկվելու են ռենջերների կողմից, ովքեր վերազինված կլինեն արդի տեխնիկական միջոցներով և կունենան սպասարկող հատուկ մեքենաներ։ Այդ ուղղությամբ արդեն գործուն քայլեր են արվում։

Ամփոփելով հանդիպումը՝ նախարարը ներկայացրել է բոլոր բարեփոխումների ու իրականացվող քայլերի վերջնանպատակը՝ հուսալի անտառպահպանություն և անտառկառավարման նոր մոդելի կայացում ու զարգացում և հորդորել գործընկերներին առավելագույն ջանք ներդնել այս միասնական գաղափարի կայացման գործում` բացառապես hանուն Հայաստանի Հանրապետության և մեր ժողովրդի։

 

Լրահոս

Դիտել ավելին