Կարևոր իրադարձություններ

Գույքահարկի արտոնություններ՝ պատերազմում գերեվարված ու անհայտ կորած անձանց. ավագանու հերթական նիստը

22 Դեկտեմբեր, 2020 21:05
Գույքահարկի արտոնություններ՝ պատերազմում գերեվարված ու անհայտ կորած անձանց. ավագանու հերթական նիստը

Երևանի ավագանու այսօր կայացած նիստում ավագանու քվեարկությամբ Գայանե Մելքոմ Մելքոմյանը նշանակվեց Երևանի քաղաքապետի տեղակալ:

***

Ավագանու մեկ այլ որոշմամբ գույքահարկի գծով արտոնություններ են սահմանվել սոցիալական մի շարք խմբերի համար: «Իմ քայլը» խմբակցության առաջարկով ցանկում ներառվել են նաև սույն թվականի սեպտեմբերի 27-ից սկսած ադրբեջանական ագրեսիայի հետևանքով գերեվարված ու անհայտ կորած անձինք, ովքեր մասնակցել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին ու հակառակորդի հետ շփման գծում կատարել են մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ: Վերջիններն ազատվելու են գույքահարկի գծով արտոնություն սահմանելու՝ օրվա դրությամբ առկա հարկային պարտավորություններից՝ Երևանում սեփականության իրավունքով պատկանող և գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող բնակելի նշանակության շինությունների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ այն բնակելի նշանակության շինությունների մասով, որտեղ հաշվառված են:

***

Արտոնություններ են սահմանվել նաև 2021թ. տեղական որոշ վճարների համար: Ավագանու որոշմամբ զոհված զինծառայողների և զոհված ազատամարտիկների երեխաները Երևանի արտադպրոցական դաստիարակության հաստատություններում (երաժշտական և արվեստի դպրոցներ և այլն) կսովորեն անվճար, իսկ 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողների երեխաների համար վճարը կկազմի 4000 դրամ: Մյուս խմբերի համար ևս 2020թ. կիրառված արտոնությունները կգործեն նաև 2001թ.:

***

Մանկապարտեզներն անվճար կլինեն այն երեխաների համար, որոնց ծնողները, օրինական ներկայացուցիչները կամ նրանցից մեկը մշտապես կամ փաստացի հաշվառված է Երևանում: Արտոնությունը տարածվում է նաև ազատամարտիկների, զոհված ազատամարտիկների, նրանց ընտանիքի անդամների, ԶՈՒ պարտադիր ժամկետային, պայմանագրային և այլ զորքերում ծառայողների, զոհված զինծառայողների, երկկողմանի ծնողազուրկ, 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողների զավակների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Բացի այդ, արտոնություն կարող են ստանալ նաև տեղահանված անձի, փախստականի կամ ՀՀ-ում ապաստան հայցողի կարգավիճակ ունեցողների երեխաները:

***

Տեղաշարժվելու դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող անձանց կամ նրանց փոխադրող տրանսպորտային միջոցների համար ավտոկայանատեղի տեղական վճար չի գանձվի: Կայանման համար չեն վճարի նաև բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի (էլեկտրամոբիլ) սեփականատերերը:

***

Երևանի ավագանին այսօր հավանություն է տվել նաև Երևանի զարգացման 2021թ. ծրագրի հաստատման մասին որոշման նախագծին: 

 

Լրահոս

Դիտել ավելին