«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Երեկ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ: Նա հայտարարեց, թե Հայաստանի համայնքների վարչական սահմանների նկարագրությունը որոշվել է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով, որն էլ ընդունվել էր 2010 թվականին։ Նրա խոսքով՝ օրինակ՝ Խնձորեսկ, Տեղ համայնքների վարչական սահմանների նկարագրությունը ներառում է նաեւ Ադրբեջանի հետ սահման:
Այդ օրենքում հանդիպում ենք նաեւ այսպիսի ձեւակերպումների, օրինակ՝ Խնձորեսկ համայնքի մասին նկարագրության մեջ կարդում ենք. «Խնձորեսկ-պետական սահման՝ Ադրբեջանի Հանրապետություն», եւ նշվում է, որ այդ հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ: Նման պատկերի ենք ականատես լինում նաեւ այս նույն տարածքը քարտեզով դիտարկելիս: Իսկ, ահա, Խոզնավար համայնքի նկարագրության մեջ էլ կարդում ենք, որ կրկին այդ սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ. նույն իրավիճակն է նաեւ քարտեզը դիտարկելիս:
Նույն նկարագրությունն է առկա նաեւ Շուռնուխի պարագայում, եւ այն առավել խնդրահարույց է, երբ դիտարկում ենք քարտեզը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2010 թվականին, չորրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր Սյունիքի մարզից եղել է Վահե Մաքսիմի Հակոբյանը, որը կարող էր մասնակցել այդ օրենքի ընդունմանը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ նրանից, սակայն Հակոբյանը հեռախոսազանգերին չպատասխանեց: Մենք զրուցեցին Էդուարդ Շարմազանովի հետ, որն այդ ժամանակ պատգամավոր է եղել: Նա նշեց. «Այդ օրենքը որեւէ առնչություն չունի պետական սահմանների ճանաչման հետ: Սա Նիկոլ Փաշինյանի հերթական մուտիլովկան է՝ շեղել ուշադրությունը բուն խնդրից: Ինքը կապիտուլյացիա է ստորագրել, ինքն է պարտության միակ պատասխանատուն, ինքն է հանձնել Արցախի 75 տոկոսը, ինքն է տվել հողերը եւ վերջ»»:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։