Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    516,5
    521,5

  • EUR

    623
    635

  • RUB

    6,93
    7,19

Կարևոր իրադարձություններ

Հայտարարություն ոստիկանության կողմից միջպետական ճանապարհի փակման վերաբերյալ

21 Դեկտեմբեր, 2020 17:45
Հայտարարություն ոստիկանության կողմից միջպետական ճանապարհի փակման վերաբերյալ

Ինչպես հայտնի է, այսօր՝ 2020 թվականի դեկտեմբերի 21-ին, վաղ առավոտից  ոստիկանությունը արգելափակել է Երևան-Մեղրի (Մ2) ավտոճանապարհը՝ Գորիս քաղաքի մատույցներում, և փակ պահել այն առնվազն 6 ժամ:

Մինչ այժմ  ոստիկանությունը որևէ բացատրություն չի ներկայացրել միջպետական ավտոճանապարհի փակման պատճառների ու իրավական հիմքերի մասին, սակայն ակնհայտ է, որ ճանապարհի փակմամբ նպատակ էր հետապնդվում չթողնել քաղաքացիներին մոտենալ «Սյունիքի դարպասներին» (որտեղ վերջիններս մտադիր էին ճանապարհը փակելու միջոցով խոչընդոտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիքի մարզ):

Նշվածը, սակայն, որևէ կերպ հնարավոր չէ դիտարկել որպես ժամեր շարունակ ոստիկանության կողմից միջպետական նշանակության ավտոճանապարհով երթևեկության փակման իրավաչափ պատճառ: Ավելին, նման գործողությունը հանդիսանում է քաղաքացիների՝ խաղաղ հավաք անցկացնելու իրավունքի խոչընդոտում: Ակնհայտ է, որ նույնիսկ որոշ քաղաքացիների հակաիրավական գործողությունների կանխման նպատակով անգամ ոստիկանության կողմից միջպետական ճանապարհի փակումը չի կարող համարվել ո՛չ իրավաչափ և ո՛չ էլ համաչափ։

Հարկ է արձանագրել, որ այն քաղաքացիները (այդ թվում՝ նախատեսված ցույցի հետ կապ չունեցող), որոնց տեղաշարժվելու իրավունքը սահմանափակվել է, տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից չեն տեղեկացվել սահմանափակման պատճառների ու հիմքերի մասին:

Պետք է հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքացիների՝ իրենց իրավունքների իրականացման հանդեպ՝ հաշվի առնելով, որ հատկապես Սյունիքի մարզում երկար տարիներ նրանք զրկված են եղել իրենց իրավունքներից նախորդ իշխանությունների կողմից կիրառված տարբեր բռնաճնշումների հետևանքով։ 

Հայտարարում ենք, որ վերը նշվածով ոստիկանության կողմից խախտվել են՝

1. ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված ազատ տեղաշարժվելու (40-րդ հոդված) և տեղեկատվություն ստանալու (51-րդ հոդված) իրավունքները, հավաքների ազատությունը (44-րդ հոդված), 

2. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված հավաքների ազատությունը (11-րդ հոդված) և տեղաշարժի ազատությունը (4-րդ արձանագրության 2-րդ հոդված), տեղեկատվության ազատության և կարծիքի արտահայտման իրավունքը (10-րդ հոդված)

3. «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանված մարդու անձեռնմխելիության երաշխիքները և 22-րդ հոդվածով սահմանված իրավունքի սահմանափակման դեպքում դրա հիմքերի ու պատճառների մասին անմիջապես հայտնելու պահանջը:

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները խստորեն դատապարտում են ոստիկանության կողմից ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ու միջազգային պարտավորություններով ստանձնած մարդու իրավունքների կազմակերպված ոտնահարումը, պահանջում են ոստիկանությունից գործել բացառապես օրինականության սահմաններում՝ ապահովելով մարդու իրավունքների իրականացումը, հատկապես՝ զանգվածային միջոցառումներին ժամանակ։

Միաժամանակ, կոչ ենք անում նաև բոլոր քաղաքացիներին հավաքներն իրականացնել բացառապես խաղաղ ճանապարհով ու զերծ մնալ բռնությունից ու բռնության կոչերից:

 

Իրազեկ քաղաքացիների միավորում

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին