Կարևոր իրադարձություններ

ԱԻՆ-ը մարզերում բնակչության ներգրավմամբ սկսել է ուսումնավարժական պարապմունքներ

21 Դեկտեմբեր, 2020 16:40
ԱԻՆ-ը մարզերում բնակչության ներգրավմամբ սկսել է ուսումնավարժական պարապմունքներ

Դեկտեմբերի 21-ին արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը հերթական խորհրդակցությունն է անցկացրել կառուցվածքային ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարների հետ: Աշխատանքային շաբաթը սկսելուց առաջ խորհրդակցության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են արցախյան պատերազմի զոհերի հիշատակը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

«Հաշվի առնելով, որ ԱԻՆ-ը ինչ-որ առումով ուժային կառույց է, հորդորում եմ թև ու թիկունք լինել մեր ազգաբնակչությանը և տեղական ինքնակառավարման մարմինների հետ ամեն ինչ անել այս իրավիճակից դուրս գալու համար: Ես համոզված եմ, որ մենք մեր մեջ այդ կարողությունը կգտնենք՝ հանուն մեր երեխաների և մեր երկրի ապագայի»,-ասել է նախարար Փիլոյանը:

Խորհրդակցության օրակարգի համաձայն՝ նախարարության քաղաքացիական և փրկարարական ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են անցած շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները և խնդիրները:

Զեկուցվել է, որ մարզային փրկարարական վարչություններն իրենց տարածաշրջաններում սկսել են ուսումնավարժական պարապմունքները՝ ազգաբնակչության ներգրավմամբ իրականացվում են օդային տագնապի ազդարարում և պատսպարում: Շարունակվում է պատսպարանների հաշվառման և պատշաճ վիճակի բերելու գործընթացը:

Խորհրդակցության ընթացքում բարձրացված հարցերի վերաբերյալ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումներին տրվել են հանձնարարականներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին