Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտի քույր քաղաք՝ Ֆրանսիայի Վալանս քաղաքի քաղաքային խորհուրդը կոչ է անում Ֆրանսիային՝ ճանաչել Արցախի անկախությունը

21 Դեկտեմբեր, 2020 13:43
Ստեփանակերտի քույր քաղաք՝ Ֆրանսիայի Վալանս քաղաքի քաղաքային խորհուրդը կոչ է անում Ֆրանսիային՝ ճանաչել Արցախի անկախությունը

Ստեփանակերտի քույր քաղաք՝ Ֆրանսիայի Վալանս քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է «Ֆրանսիայի և միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ճանաչման մասին» բանաձև։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից։

Բանաձևում նշված է, որ՝

Հաշվի առնելով սեպտեմբերի 27-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայերի դեմ Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծումը՝ 44 օր շարունակ թիրախավորելով խաղաղ բնակչությանը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտի և սահմանամերձ համայնքների բնակիչներին, և որ այս ռմբակոծությունները խաղաղ բնակչության շրջանում մեծաթիվ զորհերի պատճառ են հանդիսացել՝ տեղահանման դատապարտելով հազարավոր արցախցիների,

Հաշվի առնելով, որ ադրբեջանական բանակի գործողությունները, որի շարքերում ներգրավված էին Սիրիայում ջիհադական խմբավորումներում կռված վարձկաններ, մարդասիրական ճգնաժամ են առաջացրել Լեռնային Ղարաբաղում, որն ուղեկցվել է զինված հակամարտության մասին միջազգային կոնվենցիաների լուրջ խախտումներով (մասնավորապես արգելված այնպիսի զենքերի օգտագործում, ինչպիսիք են կասետային զինամթերքը կամ ֆոսֆորային ռումբերը և այլն),

Հաշվի առնելով 1994 թ. հրադադարի համաձայնագրից ի վեր և, մասնավորապես, ԵԱՀԿ-ի հովանու ներքո գործող Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Ֆրանսիայի կողմից այս հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը, որոնք, սակայն, ի վերջո հանգեցրեցրել են նրա խիստ չեզոք դերին,

Հաշվի առնելով, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի սկզբունք է, որի համաձայն Լեռնային Ղարաբաղի հայերը 1988 թ.-ից ի վեր նախաձեռնել են ինքնորոշման գործընթաց, ինչպես նախատեսված է Միացյալ ազգերի Կանոնադրության մեջ՝ 1991 թ. սեպտեմբերի 2-ին ընդունելով անկախության հռչակագիր, որն հաստատվել է 1991 թ․ դեկտեմբերի 10-ի լայնորեն կողմ քվեարկած ինքնորոշման հանրաքվեով,

Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը երեսուն տարուց ավել սեփական ժողովրդին մշտապես երաշխավորել է ինստիտուցիոնալ կայունություն՝ երբևէ չվիճարկված ժողովրդավարական հիմքերով, տարածքային ամբողջականություն և պաշտպանություն, ինչպես նաև տնտեսական և մշակութային բարգավաճում,

Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը համախմբում է միջազգային իրավունքով ընդունված Պետության բոլոր բաղադրիչները՝ տարածք, բնակչություն, ինքնիշխանության, որոնք իրավական տեսանկյունից մարմնավորում են Արցախի ժողովրդին և պետք է հանգեցնեն նրան, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը այսուհետ համարվի որպես իր ժողովրդի ինքնիշխանությունը ներկայացնող սուբյեկտ

Վալանսի քաղաքային խորհուրդը կոչ է անում, որ՝

Ֆրանսիական դիվանագիտությունը վերանայի իր ռազմավարությունը և ճանաչի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը։

Ֆրանսիան դիվանագիտական ​աջակցություն ցուցաբերի Հայաստանի և Արցախի իշխանություններին և ներգրավվի Եվրոպային և միջազգային հանրությանը դեպի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության ճանաչմանը տանելու գործում:

 

Լրահոս

Դիտել ավելին