Կարևոր իրադարձություններ

Ողջունում եմ սյունեցիների ընդվզումը․ Ժիրայր Սեֆիլյան

21 Դեկտեմբեր, 2020 12:53
Հեղինակ՝ Ժիրայր Սեֆիլյան
Ողջունում եմ սյունեցիների ընդվզումը․ Ժիրայր Սեֆիլյան

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ողջունում եմ սյունեցիների ընդվզումը։

Սյունիքը թշնամու համար թափանցիկ դարձրած ապիկար դավաճանն իրավունք չունի որպես ղեկավար ոտք դնելու Սյունիքի հողի վրա և նայելու սյունեցիների աչքերին։

Միևնույն ժամանակ՝ կեղծ ընդդիմադիրները ևս իրավունք չունեն ընդվզող սյունեցիների անունից խոսելու, քանի որ հանդես չեն գալիս մեզ պարտադրված զինադադարի հայտարարության դեմ։

Իրականում երկուսն էլ նույն տիրոջն են ծառայում և ընդամենը աթոռի կռիվ են տալիս։

Այո, Նիկոլ Փաշինյանը պետք է ժամ առաջ հեռանա։

Սակայն նրա կառավարությանը պետք է փոխարինի այնպիսի անցումային ժամանակավոր կառավարություն, որն առ ոչինչ կդարձնի իրականում կապիտուլյացիայի ակտի վերածված այդ ապօրինի փաստաթուղթը, իսկ գետնի վրա առավելագույնս կչեզոքացնի դրա ծանր հետևանքները։

Նոր, ժամանակավոր կառավարությունը պետք է, բացի գերիների և անհայտ կորածների հարցերից, ունենա երկու առաջնահերթ գերխնդիր՝

1) Վերանայել արտաքին քաղաքական դիրքավորումը և որդեգրել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն։ Դրա շնորհիվ հնարավոր կլինի ոչ միայն հաղթահարել առկա ռուս֊թուրքական փակուղային վիճակը, այլև, համոզված եմ, առանց կրակոցի՝ դիվանագիտական ճանապարհով, գոնե մասամբ հետ բերել Արցախում կորցրած տարածքները, այդ թվում՝ Սյունիքի դիմացի հատվածում վերականգնել զինադադարի օրվա դիրքերը։

2) Զարգացնել բավարար պաշտպանունակություն, մասնավորապես՝ Սյունիքը դարձնել անառիկ ամրոց։

Ժամանակավոր կառավարության կազմում պետք է չլինեն դավաճանությամբ իրար հետ մրցող ներկաները կամ նախկինները։

Համոզված եմ, որ այդ դեպքում ժամանակավոր կառավարությունը կարող է ոչ միայն համախմբել ժողովրդին և երկիրը հանել անդունդից, այլև պայմաններ ու նախադրյալներ ստեղծել թշնամուն վերջնականապես ջախջախելու, ամբողջ կորցրածը հետ բերելու և կայուն խաղաղություն հաստատելու համար»։

 

Լրահոս

Դիտել ավելին