Կարևոր իրադարձություններ

Նշանադրվել էր իր ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին, հենց հաջորդ օրը սկսվեց պատերազմը

18 Դեկտեմբեր, 2020 11:52
Հեղինակ՝ Արմեն Մուրադյան
Նշանադրվել էր իր ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին, հենց հաջորդ օրը սկսվեց պատերազմը

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

««Մերօրյա հերոսները». Արամայիս Հայրապետյան

ՀՀ պաշտպանության նախարարության, Արցախի պաշտպանության բանակի տարբեր տարիների պատվոգրերը, որոնք բժշկական լավագույն ծառայության մրցույթ-ստուգատեսում առաջին տեղը զբաղեցնելու համար ստացել էր բուժծառայության պետ, բուժծառայության կապիտան Արամայիս Հայրապետյանը, ընտանիքի անդամներն առանձնակի խնամքով են պահպանում:

Ճակատագիրը, սակայն ևս մեկ՝ կյանքի և մահվան դեմ պայքարի ստուգատես էր պատրաստել պատերազմում անմահացած հերոսի համար, որը նա անցավ պատվով և արժանապատվությամբ:

28 տարեկան ռազմական բժիշկը Կոտայքի մարզի Զովունի գյուղում է ծնվել: Երեք տարի մասնագիտական պարտքը կատարել է Մարտունիում։ Այս տարի էր տեղափոխվել Երևան, քանի որ ընդունվել էր ԵՊԲՀ կլինիկական օրդինատուրա. ապագա քիթ-կոկորդ-ականջաբան էր: Մայիսը, ինչպես նրան դիմում էին ընտանիքում, նշանադրվել էր իր ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին։ Հենց հաջորդ օրը սկսվեց պատերազմը՝ փոխելով շատերի կյանքի ընթացքը:
«Երբ Արցախում գտնվող ընկերներից իմացավ իրավիճակի լրջության մասին, հավաքեց անհրաժեշտ իրերն ու սպասում էր առաջնագիծ մեկնելու հրամանին: Սպասելը Մայիսի համար չէր. սկզբում գնում է Երևանի հոսպիտալները, որպեսզի տեսնի, թե ինչով կարող է օգնել, հետո ընկերների հետ դիմում գրեցին, որ նրանց ուղարկեն այն զորամասերը, որտեղ աշխատել են: Ոչ ոք չգիտեր, որ կամավորագրվել են»,- պատմում է հերոսի քույրը՝ Հասմիկ Հայրապետյանը:

Սեպտեմբերի 31-ին ընտանիքի անդամներին տեղեկացնում է, որ մեկնում է Մարտունի՝ կատարելու բուժծառայության պետի պարտականությունները: Ասել է, որ այնտեղ շատ է պետք, ամեն մանրուք գիտի, տղաներին չի կարող մենակ թողնել, պետք է գնա։

Ղարաբաղը հրաշք երկիր համարող Արամայիսն ապագա կնոջը խոստացել էր, որ կվերադառնա և հարսանիքից հետո կյանքի ընկերոջը կտանի ու կծանոթացնի Արցախի: Սակայն երիտասարդ զույգի նպատակներն ու երազանքները, ցավոք, անկատար են մնացին…

Ռազմաճակատ մեկնելու նախապատրաստական չորս օրվա ընթացքում ռազմական բժիշկը հասցրել է մեծ քանակի դեղեր հավաքել ընկերների և համագյուղացիների օգնությամբ:

Արցախում հոկտեմբերի 1-ից սկսած օր ու գիշեր կատարել են վիրավորների դուրս բերման ու տեղափոխման աշխատանքը:
«Պատերազմում իր հետ եղած բժիշկներից եկել էին մեր տուն, պատմում էին, որ եղբայրս հանգստանալու և քնելու ժամանակ չի ունեցել»,- մանրամասնում է Հասմիկը:
Արամայիս Հայրապետյանին խորը ցավ է պատճառում ընկերոջ՝ ռազմական բժիշկ Հարություն Չոբանյանի մահը, որին, ցավոք, չի հասցրել բժշկական օգնություն ցույց տալ, ինչը հոգեբանորեն ծանր ազդեցություն է ունեցել նրա վրա:
Ընկերները պատմում են, որ վիրավորների հերթական խմբին օգնելիս շտապօգնության մեքենան պայթեցվել է: Նրա հետ եղած բժիշկն ու վարորդը զոհվել են, իսկ նա ստացել է վիրավորում: Երկու շաբաթ հաղթահարելով մեջքի սաստիկ ցավերը, շտապել է առաջնագիծ՝ մասնագիտական պարտքը կատարելու:

Արամայիս Հայրապետյանը թեժ մարտերի ժամանակ կրակահերթի տակ տեղափոխել է շատ ու շատ վիրավորների, օգնել է կռվի դաշտից դուրս բերել բազմաթիվ անմահացած հերոսների մարմինները։ Ընկերները փաստում են՝ Արամայիսը փրկել է բազմաթիվ զինվորների, սպաների ու կամավորների կյանքը: Նրանց մեծ մասն առողջացել են, մյուսները շարունակում են իրենց բուժումը՝ ստանալով նոր կյանքի հնարավորություն և շնորհակալ լինելով անմահացած բժշկին՝ նրան կատարած մասնագիտական ու մարդկային սխրանքների համար։
Հանուն հայրենիքի ու մյուս մարտիկների կյանքերի փրկության համար կյանքը զոհած հերոսն անմահացավ պատերազմի 40-րդ օրը՝ պայքարերով մինչև վերջ: Նենգ թշնամու կողմից դարանակալված չարաբաստիկ ականը չխնայեց նրան։ Հարազատներն ու ծանոթները վստահ են, որ նրա փրկած կյանքները կշարունակեն իր կիսատ թողած գործն ու առաքելությունը:

Դեկտեմբերի 17-ին լրացավ Արամայիս Հայրապետյանի մահվան 40-րդ օրը»:

 

Լրահոս

Դիտել ավելին