Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    623
    637

  • RUB

    7,01
    7,27

Կարևոր իրադարձություններ

Ոմանք սխալվում են՝ կարծելով, թե ռազմական ուժի կիրառմամբ Արցախի կարգավիճակի հարցը դուրս է բերվել օրակարգից. ԱԳ նախարարը՝ «Le monde»-ին

16 Դեկտեմբեր, 2020 17:47
Ոմանք սխալվում են՝ կարծելով, թե ռազմական ուժի կիրառմամբ Արցախի կարգավիճակի հարցը դուրս է բերվել օրակարգից. ԱԳ նախարարը՝ «Le monde»-ին

 ԱԳ նախարար Արա Այվազյանի հարցազրույցը “Le monde” օրաթերթին.

Հարց. Դուք ստանձնեցիք Ձեր պաշտոնը պարտության՝ հետպատերազմյան պայմաններում: Որո՞նք են Ձեր առաջնահերթությունները:

Պատասխան. Մենք ներկայումս աշխատում ենք ճգնաժամային դիվանագիտության պայմաններում. ​​կանգնած ենք բազմաթիվ հրատապ մարտահրավերների առջև: Դրանց թվում են՝ իրավիճակի կայունացումը, հետագա սրացումներից խուսափելը, բայց նաև տեղահանվածների կարիքները հասցեագրելը (Արցախի բնակչության 70% -ը ստիպված է եղել լքել իր բնակավայրը, ներկայումս արձանագրվել է 30%-ի վերադարձ), ռազմագերիների, պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց և անհայտ կորածների մարմինների փոխանակման ուղղությամբ աշխատանքների շարունակումը։ Այս բոլոր հարցերը լուծումներ են պահանջում:

Հարց. Ո՞ր փուլում է գտնվում Ադրբեջանի հետ ռազմագերիների փոխանակման գործընթացը։

Պատասխան. Կազմվել են նախնական ցուցակներ: Երկու երկրների միջև սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել՝ «բոլորը բոլորի դիմաց» դրույթով փոխանակման վերաբերյալ: Չէի ցանկանա ճշգրիտ թվեր  նշել, քանի որ կասկածներ կան, որ Ադրբեջանը չի տրամադրում  հայ ռազմագերիների իրական թիվը, և որ նրանք կարող են շատ ավելին լինել։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է այս խնդրին հրատապ լուծում գտնել, քանի որ ապացուցված  է, որ հայ ռազմագերիները և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձինք անմարդկային վերաբերմունքի են ենթարկվում: Մենք աշխատում ենք մեր գործընկերների, մասնավորապես՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որպեսզի ապահովենք նրանց անհապաղ վերադարձը: Հայտնի  է, որ նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարությունը վերջնաժամկետ չի սահմանում, և  Բաքուն օգտագործում է տվյալ հանգամանքը՝ խնդիրը շահարկելու, ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց հանդեպ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու, ինչպես  նաև  Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու համար։

Հարց. Հայաստանը մտադի՞ր է մեղադրանքներ առաջադրել ռազմական հանցագործությունների կասկածների առնչությամբ:

Պատասխան. Պատմության ցավալի դասերը մեզ սովորեցրել են, որ Հայոց ցեղասպանությունն իրականացվել է անպատժելիության պատճառով: Արցախի դեմ պատերազմի ընթացքում ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների առնչությամբ: Հայաստանը ցուցակագրում է փաստագրված բոլոր դեպքերը և դրանք փոխանցելու է իրավասու միջազգային կազմակերպություններին՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:

Հարց. 20 տարիների ընթացքում, Մինսկի խումբը, որը պատասխանատու էր Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը լուծում գտնելու համար, ձախողել է, այնուհետև դուրս մնացել  հրադադարի ստորագրման փաստաթղթից: Արդյո՞ք նրանք դեռ որևէ դեր կարող են ունենալ։

Պատասխան. Մենք քանիցս ականատես ենք եղել Ադրբեջանի և նրա աջակիցների կողմից Մինսկի խմբի համանախագահների հասցեին բազմաթիվ քննադատությունների։ Իսկ մենք մշտապես համոզված ենք եղել և շարունակում ենք հավատալ, որ Մինսկի խմբի համանախագահները որոշիչ դերակատարում են ունեցել, որը թույլ է տվել վերջին քսան տարիների ընթացքում համեմատաբար կայուն խաղաղություն ապահովել տարածաշրջանում։

Հարկ է ընդգծել նաև, որ մինչ ներկայիս իրավիճակը մարտնչող կողմերի միջև խաղաղապահ որևէ ուժ չի եղել։ Շուտով նախատեսված է երեք համանախագահների այցը, և հույս ունենք, որ նրանք մեզ կօգնեն լուծել առկախված բոլոր խնդիրները։

Հարց. Լեռնային Ղարաբաղի անկլավի անկախությունը ճանաչված չէ միջազգային հանրության կողմից։ Արդյո՞ք Հայաստանը նախատեսում է դա անել։

Պատասխան. Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հանդիսանում է խաղաղության տանող բանակցությունների հիմնաքարը։ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը զուտ այն պատճառով, որպեսզի հնարավորություն, շանս ընձեռի բանակցությունների միջոցով հասնելու ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը։ Ոմանք այսօր սխալվում են՝ կարծելով, թե ռազմական ուժի կիրառմամբ Արցախի կարգավիճակի հարցը դուրս է բերվել օրակարգից։ Այդ առնչությամբ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են, որ Արցախի կարգավիճակի հարցը շարունակելու է մնալ բանակցությունների օրակարգում, որը գոհացնող է։ Տվյալ հարցում Ադրբեջանի անհամաձայնության դեպքում Հայաստանը կդիտարկի Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը։

Հարց. Նախագահ Էրդողանը չորեքշաբթի և հինգշաբթի Բաքվում էր։ Ինչպիսի՞  հարաբերություններ եք պատկերացնում Թուրքիայի հետ ապագայում։

Պատասխան. Ներկա պահին դիվանագիտական հարաբերություններ չունենք, թեև Հայաստանը որևէ նախապայման, ներառյալ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, չի դրել հարաբերությունների կարգավորման համար։ 

Բոլորն ականատես եղան Թուրքիայի ներգրավվածությանը՝ Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի ընթացքում։ Վերջին շրջանում Թուրքիան տարբեր տարածաշրջաններ վարձկաններ է փոխադրում՝ ապակայունացնելու նպատակով։

Վերջին տարիներին մեզ ասում էին «նոր Թուրքիայի» մասին, սակայն միջազգային հանրությունն ականատես եղավ, որ Թուրքիան վերջին 100 տարվա ընթացքում չի փոխվել։ Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իշխող ատելությունը չի վերացել, ավելին․ այն նոր պարարտ հող է գտել՝ ի դեմս Թուրքիայի եղբայրական Ադրբեջանի։

Հարց. Ի՞նչ եք կարծում հակամարտության ընթացքում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ։

Պատասխան. Սա բավական համապարփակ հարց է։ Դուք ծանոթ եք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններին այն մասին, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, Ադրբեջանը՝ ռազմավարական գործընկեր: Վլադիմիր Պուտինը և Սերգեյ Լավրովն ահռելի ջանքեր են գործադրել մարտերը կանգնեցնելու համար: 44 օրերի ընթացքում հրադադարի հաստատման 3 փորձ է եղել։ Հայ ժողովուրդը գնահատում է այդ ուղղությամբ ջանքերը, որոնց շնորհիվ հազարավոր կյանքեր են փրկվել։ Արցախում ռուսական խաղաղապահների (1960 զինվոր) ներկայության նպատակը նոր հակամարտությունից խուսափելն է։

Հարց. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բնակչության որոշ հատվածի աչքերում վարկաբեկված է պարտությունից հետո։ Ինչպե՞ս կառավարությունը կարող է հաղթահարել քաղաքական այս ճգնաժամը։

Պատասխան. Նմանատիպ ծանր ցնցում ապրած ցանկացած երկիր կհայտնվեր նույն իրավիճակում։ Հայաստանը անթերի ժողովրդավարություն չէ, սակայն մենք կարևոր առաջընթաց ենք գրանցել այդ բնագավառում։ Հասարակության միավորումը Հայաստանի և Արցախի շահերի գերակա  պահպանման գաղափարի շուրջ մեզ կարող է օգնել հաղթահարել ճգնաժամը։ 600 տարվա ընթացքում մեր նախնիները ձգտել են ստեղծել հայկական պետություն, որից մենք դարեր ի վեր զրկված ենք եղել։ Մեր սերնդին հնարավորություն է ընձեռվել մասնակցել այդ անկախ պետության կերտմանը: Մենք իրավունք չունենք վտանգել վերջինիս գոյությունը և անվտանգությունը։ 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին