Կարևոր իրադարձություններ

Ես չեմ պատրաստվում սատարել քաղաքական այս կամ այն ուժին՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն․ Ալբերտ Հովհաննիսյանի հայրը գրառում է կատարել

16 Դեկտեմբեր, 2020 14:30
Հեղինակ՝ Արտակ Հովհաննիսյան
Ես չեմ պատրաստվում սատարել քաղաքական այս կամ այն ուժին՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն․ Ալբերտ Հովհաննիսյանի հայրը գրառում է կատարել
Պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
 
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այս օրերին ես և իմ ընտանիքը ստանում ենք բազմաթիվ նամակներ, հեռախոսազանգեր, որոնց առանցքային թեման ստեղծված իրավիճակն է, քաղաքական ծավալվող իրադարձությունները: Ասել և շարունակում եմ պնդել, որ իմ ու իմ ընտանիքի անունը պետք չէ ներքաշել քաղաքական խաղերի մեջ, իմ որդու՝ Ալբերտ Հովհաննիսյանի անունը պետք չէ անտեղի շահարկել, ես չեմ պատրաստվում սատարել քաղաքական այս կամ այն ուժին՝ լինի իշխանություն, թե ընդդիմություն: Փոխարենն ինձ անհանգստացնում է մեր երկրում ստեղծված քաոսային իրավիճակը, երբ փորձեր են արվում հասարակությունն երկփեղկել, զոհվածների ընտանիքների անդառնալի ցավն ու վիշտը խորացնել անհարկի խոսքով, գործով, արարքով:
Մենք պիտի այս օրերին ուժեղ և միասնական լինենք ավելին, քան երբևէ, մենք պիտի ամուր լինենք ու կարողանանք մեր մի բուռ Հայրենիքը պահել ու շենացնել, անհետ կորածներին գտնել, գերիներին օր առաջ տուն վերադարձնել, որպեսզի մեր կորցրած որդիների շիրիմներն անվտանգ լինեն, հոգիները՝ խաղաղ:
Քաղաքական դեպքերն ու դեմքերը անցողիկ են, մնայունն ու հավերժականը մեր Հայրենիքն է ու հայ ժողովուրդը: Սա իմ ու իմ ընտանիքի հավատամքն է. այդպես էր դաստիարակվել նաև իմ հերոս որդին՝ իմ Ալբերտը»:

 

Լրահոս

Դիտել ավելին