Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի մարզի համայնքներում պետության կողմից փոխհատուցում է տրամադրվում զոհված զինծառայողների ընտանիքներին

16 Դեկտեմբեր, 2020 12:18
Գեղարքունիքի մարզի համայնքներում պետության կողմից փոխհատուցում է տրամադրվում զոհված զինծառայողների ընտանիքներին
ՀՀ կառավարության կողմից փոխհատուցում են ստանում նաև Գեղարքունիքի մարզից զոհված զինծառայողների ընտանիքները
Գեղարքունիքի մարզում ընթանում է զոհված զինծառայողների ընտանիքներին ՀՀ կառավարության կողմից տրամադրվող փոխհատուցման գործընթացը։
 
Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության հաղորդած տվյալներով, առայժմ պետության կողմից փոխհատուցում տրամադրվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով հայրենիքի պաշտպանության համար զոհված և փաստացի հուղարկավորված զինծառայողների ընտանիքներին։
Ըստ գործող կարգի՝ Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները համայնքապետարանների միջոցով հավաքագրում են զոհված եւ հուղարկավորված զինծառայողների ընտանիքների տվյալները եւ օրենքով սահմանված ժամկետներում դրանք ներկայացնում ՀՀ Պաշտպանության նախարարություն՝ համապատասխան վճարման համար:
 
Այս օրերին Գեղարքունիքի մարզպետարանի միջոցով մարզի զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվում են նաև սոցիալական ապահովության երաշխիքներից և արտոնություններից օգտվելու վերաբերյալ տեղեկանքները։
 
«Սահմանված կարգի համաձայն՝ զոհված սպաների ընտանիքներին տրամադրվում է 82 միլիոն, ժամկետային զինծառայողների ընտանիքներին՝ 58 միլիոն, պահեստազորայինների ընտանիքներին՝ 70 միլիոն դրամ։ Ընդ որում, սահմաված գումարն ընտանիքի անդամներին կանխիկ ձեւով տրամադրվում է տաս միլիոն դրամի չափով, իսկ մնացածը մարվում է քսան տարվա ընթացքում։ Վերջին մեկ ամսվա ընթացքում մարզի որոշ ընտանիքներ արդեն ստացել են փոխհատուցման գումարները: Պետության կողմից զոհված զինծառայողների ընտանիքների փոխհատուցման տրամադրման աշխատանքներն ընթանում են մարզի բոլոր տարածաշրջանների համայնքներում։ Պետական աջակցություն տրամադրվում է նաեւ վիրավոր զինծառայողներին, ինչպես նաեւ մարտական գործողությունների մասնակցած պահեստազորայիններին», -հավաստեց Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի տեղակալ Սեւակ Դվոյանը։
 

Լրահոս

Դիտել ավելին