Կարևոր իրադարձություններ

Արսեն Թորոսյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է դեղերի և բժշկական սարքերի միասնական արտադրություն սկսելու հարցը

16 Դեկտեմբեր, 2020 12:14
Արսեն Թորոսյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է դեղերի և բժշկական սարքերի միասնական արտադրություն սկսելու հարցը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին և դեսպանության տնտեսական հարցերով փորձագետ Սեյեդ Ռեզա Նուրաիին: 

 

Բարձր գնահատելով 2 երկրների դարավոր բարեկամությունն ու երկարամյա համագործակցությունը` կողմերը նոր առաջարկներ են արել Հայաստանի և Իրանի առողջապահական ոլորտներում գործունեություն ծավալելու առնչությամբ: 

 

Նշենք, որ նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Հայաստանին է տրամադրվել մարդասիրական օգնություն: 

 

«Մենք շատ բարձր ենք գնահատում Իրանի գործընկերների հետ ուղիղ շփումը և շնորհակալ ենք այս ծանր իրավիճակում ցուցաբերված օգնության համար: Վստահ եմ, որ հետագայում նույնպես մեր բարեկամական հարաբերությունները շարունակվելու են, հատկապես կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված իրավիճակը հաղթահարելուց հետո,- ասել է Արսեն Թորոսյանը:

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել փորձի փոխանակման նպատակով Հայաստանի և Իրանի առողջապահության նախարարությունների ներկայացուցիչների, բժիշկների և բուժանձնակազմերի միջև տեսակոնֆերանսներ կազմակերպել համավարակի բուժման ընթացակարգերի վերաբերյալ: Նաև մանրամասն քննարկվել է դեղերի և բժշկական սարքերի միասնական արտադրություն սկսելու հարցը:  

 

Դեսպանը նշել է, որ անկախ երկրում ստեղծված պայմաններից, առողջապահության ոլորտը պետք է շարունակի աշխատել: Նա պատրաստակամություն է հայտնել ավելի ամրապնդել այս ոլորտում համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ համատեղ պայքար մղելու արդյունքում երկրները կկարողանան հաղթահարել համավարակը:

 

«Հաշվի առնելով մեր 2 երկրների մշակութային կապը` ես վստահ եմ, որ այսուհետև մեր հարաբերությունները ավելի կզարգանան: Հզոր և հարուստ Հայաստանը պարծանք է հարևան երկրի համար, հետևաբար մենք ցանկանում ենք, որ Հայաստանը մեծ հաջողություններ ունենա և համագործակցության արդյունքում հնարավորինս զարգացնի առողջապահական ոլորտը` հասցնելով իր գագաթնակետին: Հուսով եմ, որ առաջիկա 5-6 ամսվա ընթացքում համագործակցության ընթացքում շոշափելի արդյունքի կհասնենք»,- ասել է  Աբբաս Բադախշան Զոհուրին: 

 

Լրահոս

Դիտել ավելին