Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    623
    637

  • RUB

    7,01
    7,27

Կարևոր իրադարձություններ

«Մեր բակ» մանկապարտեզի դաստիարակին մեղադրանք է առաջադրվել

14 Դեկտեմբեր, 2020 16:52
«Մեր բակ» մանկապարտեզի դաստիարակին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է «Մեր բակ» մանկապարտեզի աշխատակցի կողմից մանկապարտեզի սաներին ծեծի ենթարկելու և հոգեկան տառապանք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննությամբ իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մանկապարտեզի աշխատակցուհին, չունենալով համապատասխան մասնագիտական որակավորում, սակայն 2020թ. սեպտեմբեր ամսից փաստացի աշխատելով նշված մանկապարտեզում՝ որպես դաստիարակ, և ունենալով մանկապարտեզի հոգածությանը հանձնված և իր խմբում ընդգրկված երեխաների առօրյա խնամքով և դաստիարակությամբ զբաղվելու պարտականություն, իր պարտականությունները կատարել է թերի, ոչ պատշաճ։

Մասնավորապես՝ 2020թ. դեկտեմբերի 3-ին, դաստիարակը, չկարողանալով մանկավարժական մեթոդների կիրառմամբ հասնել իր խնամքին հանձնված մանկահասակ երեխաների հանգստացնելուն և պատշաճ կերպով նրանց խնամքն իրականացնելուն, անօգնական վիճակում գտնվող մանկահասակ՝ 2018 թվականին ծնված երեխաներին սպառնացել է դիմել ծնողներին՝ նրանց ծեծի ենթարկելու համար, չքնելու դեպքում պահել մութ սենյակում, դանակով վիզը կտրել, սատկացնել, հրաժարվել է երեխաներին խմելու ջուր տալ և ծեծի է ենթարկել նրանց՝ դիտավորությամբ պատճառելով ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:

2020թ. դեկտեմբերի 11-ին մանկապարտեզի դաստիարակչուհին ձերբակալվել է՝ մանկապարտեզի սաներին ծեծի ենթարկելու և հոգեկան տառապանք պատճառելու կասկածանքով և ձեռք բերված ապացույցների հիման վրա` 2020թ. դեկտեմբերի 12-ին նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին