Կարևոր իրադարձություններ

Վրացական կողմում ճանապարհների նորոգումից հետո Գոգավանի անցակետը վերսկսել է աշխատանքը

14 Դեկտեմբեր, 2020 17:24
Վրացական կողմում ճանապարհների նորոգումից հետո Գոգավանի անցակետը վերսկսել է աշխատանքը

Գոգավանի անցակետը դեկտեմբերի 1-ից վերսկսել է աշխատանքը։ Վրացական կողմում ճանապարհների և մաքսակետի վերանորոգման նպատակով ժամանակավորապես դադարել էր բեռնատարների հոսքը։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Գոգավան՝ տեղում հետևելու բնականոն ռեժիմի վերադարձած մաքսակետում ծառայության կազմակերպմանը։ «Վրացական կողմում նորոգվում էին մաքսակետը և ճանապարհները, ինչի հետևանքով այս տարվա մարտ ամսից Գոգավանի անցակետը չէր գործում: Դեկտեմբերի 1-ից անցակետը վերագործարկվել է, վերանորոգումից հետո ճանապարհներն ավելի նպաստավոր են դարձել բեռնատարների համար»,-հայտնել է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

ՊԵԿ ղեկավարը շրջել է անցակետի տարածքով, դիտարկել սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման համար ստեղծված պայմանները և գնահատել մաքսակետի հնարավորությունները։ Էդվարդ Հովհաննիսյանն անցակետի բուժաշխատողներից հետաքրքրվել է նաև հակահամաճարակային կանոնների պահպանմամբ։

Կոմիտեի ղեկավարը դիտարկել է Գոգավանի անցակետում ծառայություն իրականացնող ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների աշխատանքը։ Էդվարդ Հովհաննիսյանի համոզմամբ` լավ արդյունքը պարտավորեցնող է, ուստի մատուցվող ծառայությունների որակի բարելավումը պետք է լինի շարունակական: Նա հանձնարարել է շարունակել մաքսային հսկողության կազմակերպումն այնպես, որ երաշխավորվի բոլոր գործընթացների օպերատիվությունը։ «Կարող եմ փաստել, որ Գոգավանի անցակետի անձնակազմն այս պահին գտնվում է լիովին պատրաստ վիճակում։ Օրական սպասարկվում է 50-70 բեռնատար, որոնց մուտքն այսօր արդեն Գոգավանով է կազմակերպվում։ Անցակետում բոլոր ծառայությունները և ենթակառուցվածքները պատրաստ են` բեռների տեղափոխման համար անհրաժեշտ ծառայությունները մատուցելուն, և իմ գոհունակությունն եմ հայտնում անցակետի աշխատանքների բարձր կազմակերպվածության, այդ թվում` տարածքային ամբողջական պայմանների առկայության համար»,-ընդգծել է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: 

Մինչև վրացական կողմի ճանապարհների նորոգումը, վարորդները հաճախ խուսափում էին ներմուծումների և արտահանումների դեպքում Գոգավանով երթուղին ընտրել։ «Վրաստանի կողմից նորոգման աշխատանքներն ավարտելուց հետո, վարորդների կարծիքով, բեռնատարների շարժը Գոգավանով ավելի հարմար է դարձել, քանի որ Հայաստանի կողմից ճանապարհները ևս ավելի հեշտ անցանելի են: Վերագործարկումից հետո սպասում ենք բեռնատարների հոսքի ավելացում: Անցակետը պատրաստ է օրական մինչև 150 բեռնատար սպասարկել»,-վստահեցրել է Գոգավան-Պրիվոլնոյեի մաքսային կետ-բաժնի պետ Մայիս Հովհաննիսյանը` հավելելով, որ անցակետում կենտրոնացված են բոլոր այն ծառայությունները, որոնք ապահովում են տնտեսական անվտանգությունը, միաժամանակ արտաքին տնտեսական գործունեության անխափան իրականացումը։

 

Լրահոս

Դիտել ավելին