Կարևոր իրադարձություններ

Անվտանգ երթևեկն ապահովելու համար այս տարի գիշերային լուսավորությամբ է կահավորվել շուրջ 100 հետիոտնային անցում

14 Դեկտեմբեր, 2020 12:27
Անվտանգ երթևեկն ապահովելու համար այս տարի գիշերային լուսավորությամբ է կահավորվել շուրջ 100 հետիոտնային անցում

Մայրաքաղաքում անվտանգ երթևեկության ապահովումը քաղաքային իշխանության առաջնահերթություններից է: Խնդրին համալիր լուծում տալու նպատակով քաղաքապետ Հայկ Մարությանը մի շարք ուղղություններ նախանշեց, որոնք փուլ առ փուլ սկսեցին իրագործվել: Հետիոտնի ու վարորդների անվտանգ երթևեկն ապահովելու համար Երևանի քաղաքապետարանի ծրագրով այս տարի գիշերային լուսավորությամբ կահավորվեց շուրջ 100 հետիոտնային անցում: Նախագիծն իրականացվել է Երևանի բոլոր վարչական շրջաններում, ծրագրում ընդգրկվել են հիմնականում այն հատվածները, որտեղ վերջին տարիներին հաճախակի վրաերթեր են գրանցվել:

«Ժամանակակից LED լուսատուներ են տեղադրվում, և հաշվարկն այնպես է արված, որ ամբողջ անցումը լուսավորվի: Ծրագիրն, իսկապես, արդյունավետ է, և կարծում եմ` կունենա շարունակություն», – նշում է «Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն Գալուստ Վարդանյանը:

Անվտանգ երթևեկության ապահովմանն ուղղված հաջորդ քայլը «Հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցների տեղադրումն էր: 2019-2020թթ. նման լուսացույցներով է կահավորվել 18 հետիոտնային անցում:

Ծրագիրն իրականացնելու համար ՃՈ-ի հետ համատեղ գույքագրվել են մայրաքաղաքի խնդրահարույց կետերը. ցանկում ներառվել են նաև դպրոցներին, մանկապարտեզներին, ուսումնական այլ հաստատություններին ու մշակութային օջախներին հարակից տարածքները:
2019թ. հունվարի 1-ից դեկտեմբերի 1-ը Երևանում գրանցվել է հետիոտնի վրաերթի 678 դեպք, որի պատճառով զոհվել է 56 մարդ, 693-ը՝ վիրավորվել:
2020թ. նույն ժամանակահատվածում գրանցվել է 428 վրաերթի դեպք՝ 32 զոհ, 426 վիրավոր:
Վիճակագրության համաձայն դեպքերը նվազել են 250-ով, զոհերի թիվը՝ 24-ով, վիրավորներինը՝ 267-ով:

«Դա նրա արդյունքն է, որ քաղաքապետարանի կողմից տեղադրվել են լուսավորության համակարգերը, «հետիոտնային կանչի» ռեժիմով աշխատող լուսացույցներ»,- նկատում է ՃՈ առաջին սպայական գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սերգեյ Մարտիրոսյանը:
Ողբերգական պատահարների քանակի նվազման հարցում կարևոր է նաև երթևեկության արագության ռեժիմը: Երևանում այսօր այլևս չկան այնպիսի փողոցներ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ ժամից ավելի է: Քաղաքապետի հանձնարարությամբ ուսումնասիրվել և գույքագրվել են նաև երեք և ավել գոտի ունեցող ճանապարհներում հետիոտնային անցումները: Դրանց դիմաց նախաձեռնվել է սահմանված արագությունների նվազեցում` ոստիկանության հետ համատեղ:

«Կոչ եմ անում մեր վարորդներին և հետիոտներին, քանի որ նրանք բոլորը հանդիսանում են երթևեկության մասնակից, պահպանեն երթևեկության կանոնները, զիջեն հետիոտներին, հատկապես՝ չկարգավորվող հատվածներում, որպեսզի նման դժբախտ պատահարներից խուսափենք»,- նշում է Սերգեյ Մարտիրոսյանը:

Երևանում ճանապարհային երթևեկության կարգավորումը, այդ թվում՝ լուսացույցների տեղադրումն ու գծանշումները, 2009-ից կառավարության որոշմամբ պատվիրակվել են Ճանապարհային ոստիկանության ծառայությանը: Համապատասխանաբար, բյուջեն ևս հատկացվում է ՃՈ-ին: Սակայն անվտանգ երևեկության ապահովման կարևորությունն ստիպում է համայնքին՝ ուղղակիորեն իրագործել մարդկանց կյանքեր փրկող տարբեր ծրագրեր:

 

Լրահոս

Դիտել ավելին