Կարևոր իրադարձություններ

ԲԸՏՄ և ոստիկանության աշխատակիցներն առգրավել են 794 հատ սիգ տեսակի ձուկ

13 Դեկտեմբեր, 2020 21:18
ԲԸՏՄ և ոստիկանության աշխատակիցներն առգրավել են 794 հատ սիգ տեսակի ձուկ

Դեկտեմբերի 10-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության, Գեղարքունիքի, Տավուշի տարածքային բաժինների, «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության աշխատակիցները «Սևանի ՃՈ» և «Դիլիջանի ոլորան» հենակետերում համատեղ իրականացված վերահսկողական կանխարգելիչ միջոցառման արդյունքում արձագրված 7 դեպքով առգրավել են 794 հատ, ընդհանուր քաշով 234,9 կգ սիգ տեսակի ձուկ: Այս մասին հայտնում են ՀՀ ԲԸՏՄ լրատվական ծառայությունից։

Առգրավված ձկները ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հանձնվել են «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ին և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

Միջոցառումներն իրականացվել են համաձայն Հայաստանի Հանրապետության 2019 թվականի սեպտեմբերի 30-ի N 1293-L որոշմամբ հաստատված Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների՝ 2020 թվականի տարեկան ծրագրի, որի հավելվածի 7-րդ կետով Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվել 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը՝ հաշվի առնելով իշխան և սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածը ձկների բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով։

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ անօրինական գործողություններից, պահպանել կենդանական աշխարհը։

 

Լրահոս

Դիտել ավելին