Կարևոր իրադարձություններ

Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունները խստորեն դատապարտում են եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտումը․ հայտարարություն

13 Դեկտեմբեր, 2020 20:45
Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունները խստորեն դատապարտում են եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտումը․ հայտարարություն

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև․

«2020 թ. աշնանը Արցախի Հանրապետության դեմ միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ և Թուրքիայի բացահայտ մասնակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդյունքում հրադադարի հաստատման նպատակով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից ընդամենը մեկ ամիս հետո գրանցվեցին փխրուն խաղաղությունը խախտելու բացահայտ գործողություններ. ս.թ. դեկտեմբերի 11-ին և 12-ին Հադրութի շրջանի Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերի և քրիստոնեական Կատարո հանրահայտ վանքի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են բացահայտ հարձակողական գործողություններ, որի արդյունքում կան վիրավորներ, իսկ հակառակորդը հայտնում է նաև կենդանի ուժի կորուստների մասին:

Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունները խստորեն դատապարտում են եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտումը և հայտարարությունը ստորագրած երեք կողմին հորդորում են միջոցներ ձեռնարկել իրավիճակն արագ շտկելու ուղղությամբ և տեղյակ են պահում, որ նախկին բնագծերը չվերականգնելու դեպքում Արցախի Հանրապետության իշխանությունները պարտավոր են լինելու կիրառել ժողովրդի ինքնապաշտպանությունը կազմակերպելու բոլոր հնարավոր միջոցները:

Մենք հայտարարության կողմերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ուշադրությունն ենք հրավիրում այն փաստի վրա, որ գրանցված և շարունակվող լարվածության պայմաններում խիստ պահանջված են դիտարկվում ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը, որի գլխավոր կետը պետք է համարել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը՝ որպես այս տարածքում ապրող մարդկանց ապրելու անօտարելի իրավունքի ապահովման գերակա պայման:

Խմբակցությունները դատապարտում են նաև Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության քայլերը, որոնք ուղղված են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի գործողություների արդյունավետությունը կասկածի տակ դնելուն և կոչ են անում առաքելության ղեկավարությանը հասցեական գնահատական տալ գրանցված միջադեպին և ամբողջությամբ ապահովել հրապարակված հայտարարության առաջին կետից բխող բոլոր պայմանները»:

 

Լրահոս

Դիտել ավելին