Կարևոր իրադարձություններ

Մեր զորքերը մնացել են Խծաբերդի դիրքերում, սակայն թշնամին մտել է Խծաբերդ գյուղ․ այժմ բոլոր մակարդակներում ընթանում են բանակցություններ․ Հայկ Խանումյան

12 Դեկտեմբեր, 2020 23:41
Հեղինակ՝ Հայկ Խանումյան
Մեր զորքերը մնացել են Խծաբերդի դիրքերում, սակայն թշնամին մտել է Խծաբերդ գյուղ․ այժմ բոլոր մակարդակներում ընթանում են բանակցություններ․ Հայկ Խանումյան

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ինչպես գիտեք, այսօր թշնամին գրավել էր Հին Թաղերը և առաջացել դեպի Խծաբերդ:

Թշնամին օգտագործել էր հրետանի, մեր կողմից ունենք 6 վիրավոր:

Երեկոյան հավաքվեցինք ռուսական բազայի մոտ՝ հասկանալու նրանց դիրքորոշումը:

Կարճ ժամանակում բավականաչափ մարդ էր հավաքվել՝ անկախ քաղաքական պատկանելիությունից: Այնտեղ էին, օրինակ, ԱԺ ընտրություններին Վիտալի Բալասանյանի գլխավորած «Արդարություն» կուսակցության ղեկավարը և նույն խմբակցության պատգամավոր, որոնք նույնպես կիսում էին մեր մտահոգությունները: Մեզ հետ զրուցեց ռուսական հրամանատարության տեղակալը (գեներալ Մուրադովը Արցախում չի):

Հրամանատարի տեղակալը վստահեցրեց, որ կողմերի հետ պայմանավորվել են վիճակը կայունացնել, մեր զորքերը մնացել են Խծաբերդի դիրքերում, սակայն թշնամին մտել է Խծաբերդ գյուղ:

Նշեմ, որ այդ տարածքը պահպանվում էր պաշտպանության բանակի կողմից և այնտեղ ռուս խաղաղապահների դիրքեր չկային:

Այժմ բոլոր մակարդակներում գնում են բանակցություններ՝ նախկին դիրքերը վերականգնելու համար: Վաղը ժամը 11-ին կրկին կհանդիպենք՝ նորություններ իմանալու համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին