Կարևոր իրադարձություններ

Կաթողիկոսն ընդունել է Արցախի թեմի առաջնորդին

12 Դեկտեմբեր, 2020 14:00
Հեղինակ՝ Վահրամ Քահանա Մելիքյան
Կաթողիկոսն ընդունել է Արցախի թեմի առաջնորդին
Դեկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ արտերկրում բուժումից վերադարձած Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ:
 
Պարգև Սրբազանը Նորին Սրբությանը շնորհակալություն հայտնեց հոգատարության և բուժման մեկնելու հայրական հորդորի համար, որի շնորհիվ անհապաղ բժշկական միջամտությամբ հնարավոր եղավ կանխել կյանքին սպառնացող վտանգը:
 
Հայոց Հովվապետը, ուրախություն հայտնելով Սրբազանի կազդուրման և վերադարձի առիթով, նկատեց, որ այս օրերին հավատացյալ ժողովուրդը լուրջ անհանգստություն դրսևորեց նրա առողջական վիճակի առնչությամբ, ինչը վկայում է Պարգև Սրբազանի անձի հանդեպ մեծ հարգանքի և սիրո մասին։
 
Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի թեմի առաջնորդն անդրադարձան Արցախում տիրող իրավիճակին, Արցախի ժողովրդի կարիքներին ուղղված նախաձեռնվող ծրագրերին, ինչպես նաև թեմի հետագա գործունեությանը և սրբավայրերի խնամքին։

 

Լրահոս

Դիտել ավելին