Կարևոր իրադարձություններ

Երևանում վայրէջք կատարեց Փարիզից մարդասիրական օգնություն փոխադրող երրորդ ինքնաթիռը

12 Դեկտեմբեր, 2020 12:58
Հեղինակ՝ Ազնավուր հիմնադրամ
Երևանում վայրէջք կատարեց Փարիզից մարդասիրական օգնություն փոխադրող երրորդ ինքնաթիռը
2020 թ. Դեկտեմբերի 11-ին Փարիզից ժամանած երրորդ ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանում` բերելով Ազնավուր հիմնադրամի և նրա գործընկերների կողմից հավաքագրված մարդասիրական օգնությունը (անվասայլակներ, պատգարակներ, քայլակներ, բժշկական սարքավորումներ, դիմակներ, դեղամիջոցներ, խնամքի պարագաներ և հագուստ), ինչպես նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից տրամադրված դպրոցական պարագաներ և Վեոլիա հիմնադրամի կողմից Ազնավուրի հիմնադրամին նվիրաբերած հիգիենայի պարագաներ և ծածկոցներ: Այս մասին հայտնում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջը։
 
Օգնությունը կբաշխվի Լեռնային Ղարաբաղում պատերազմից տուժած բնակչությանը՝ մեր գործընկերների հետ համագործակցությամբ: Մարդասիրական օգնություն տեղափոխող երրորդ թռիչքը նույնպես իրականացվում է Ֆրանսիայի կառավարության շնորհիվ, Եվրոպայի նախարարության ճգնաժամային և աջակցության կենտրոնի, ինչպես նաև Արտաքին գործերի նախարարության կորդինացմամբ: Չվերթի ընդունող պաշտոնական կողմը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն է՝ դեսպան Ջոնաթան Լաքոտի գլխավորությամբ:
 
Այս համընդհանուր մոբիլիզացիայի շրջանակներում նոյեմբերին ֆրանսիական կառավարության կողմից արդեն իսկ վարձակալվել էր երկու ինքնաթիռ՝ Հայաստանին մարդասիրական օգնություն տրամադրելու համար:
Կցանկանայինք մեկ անգամ ևս մեր անկեղծ երախտագիտությունը հայտնել բոլոր կազմակերպություններին և անհատներին, որոնք մեզ օգնեցին հավաքագրել անհրաժեշտ ապրանքները Ֆրանսիայում և Շվեյցարիայում: Մեր համագործակցությունը շարունակական բնույթ է կրում, և շուտով չորրորդ ինքնաթիռն էլ կժամանի Երևան՝ բերելով բժշկական սարքավորումներ, հիգիենայի պարագաներ և տաք հագուստ:
 
«Մենք հավատարիմ ենք մարդկային արժեքներին, քանի դեռ պատրաստ ենք ձեռք մեկնել նրանց, ովքեր կարիքի մեջ են: Հավատում ենք, որ միայն միասնականությամբ կարող ենք հաղթահարել այս դժվար ժամանակները: Ցանկանում եմ իմ ջերմությունն ու սերը փոխանցել արցախցի եղբայրներին ու քույրերին»,- նշեց «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը:

 

Լրահոս

Դիտել ավելին