Կարևոր իրադարձություններ

ՀԲԸՄ-ն կոչ է անում Փաշինյանին հրաժարական տալ. ՀՀ-ին անհրաժեշտ է անցումային կառավարություն

12 Դեկտեմբեր, 2020 11:00
ՀԲԸՄ-ն կոչ է անում Փաշինյանին հրաժարական տալ. ՀՀ-ին անհրաժեշտ է անցումային կառավարություն

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը կոչ է անում վարչապետին, հանուն հայ ժողովրդի և յուրաքանչյուր հայորդու դրսևորել բարի կամք և զիջել վարչապետի իր պաշտոնը՝ հնարավոր դարձնելով նման նոր ու ժամանակավոր կառավարության ձեւավորումը։

«Նախորդ երկու ամիսներին մենք անցել ենք ահռելի կորուստների դառնության միջով, բայց մենք պարտված ազգ չենք։ Եթե մենք ցուցաբերենք ուժ ու իմաստնություն մեր վերքերը ամոքելու համար, եթե դասեր քաղենք այս իրադարձություններից, վերակառուցենք մեր ցնցված Հայրենիքը ու առաջ անցնենք` մենք կկարողանանք ապահովել մեր նվիրական տեղը պատմության եւ քաղաքակրթության մեջ։ Մենք երիցս գիտակցում ենք, որ եթե չկասեցվեն արցախյան աղետի հետցնցումները՝ դրանք կարող են խարխլել Հայկական պետականության հիմքերը եւ ավելի մեծ կորուստների առջեւ կանգնեցնել բոլորիս։ Այս վտանգները զգում եւ դրանցից երկյուղում ենք ողջ մեր գլոբալ հայ ազգով, որի միջնաբերդը պետք է լինի մեր ուժեղ ու ինքնիշխան Հայաստանը` մեր ինքնության հիմնասյունը։ Որեւէ մեկ հայ, որտեղ էլ որ ապրի, չի կարող նման ընթացք թույլ տալ»,- նշվում է Միության կայքում հրապարակված հայտարարության մեջ: ։

Նշվում է, որ սա ժամանակը չէ որեւէ մեկի մատնացույց անելու, ոչ էլ պատեհ պահն է որոշելու այս հանգրվանին մեզ հասցրած վիթխարի ձախողումների համար մեղավորությունը՝ ձախողումներ, որոնք տասնամյակներ ձգվող թերացումների հետեւանք են։ Մենք ճգնաժամի մեջ գտնվող ազգ ենք, որին պատուհասել է անկայուն քաղաքական իրավիճակը։ Ուստի արտակարգ քայլեր են անհրաժեշտ` թե՛ խորհդանշական, թե՛ առարկայական։ Մեր երիտասարդ ժողովրդավարությունը պետք է ապացուցի իր կենսունակությունը եւ ամրությունն այս ճգնաժամային ժամանակներում։

 

ՀԲԸՄ-ից նշում են նաև, որ վիթխարի կարևորություն ունի մեր ժողովրդի միասնականության ապահովումը։

«Մենք չենք կարող թույլ տալ նոր առճակատումներ կամ բռնություն։ Մենք հավատացած ենք, որ ներկա եւ նախկին վարչակազմերի հետ չկապակցված անկախ մի մարմին պետք է առաջնորդություն ստանձնի իբրև անցումային կառավարություն։ Այն պետք է բաղկացած լինի իրենց փորձագիտությամբ և ձիրքերով աչքի ընկած անհատներից, ովքեր կողք-կողքի կաշխատեն Հայաստանից եւ Սփյուռքից բարձր որակավորում եւ հարգանք վայելող խորհրդատուների հետ՝ առաջ տանելու երկրի զարգացման օրակարգը: Մենք կոչ ենք անում վարչապետին, հանուն հայ ժողովրդի և յուրաքանչյուր հայորդու դրսևորել բարի կամք և բարձր գիտակցություն և զիջել վարչապետի իր պաշտոնը՝ հնարավոր դարձնելով նման նոր ու ժամանակավոր կառավարության ձեւավորումը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Միությունից նշում են, որ պետք է ապահովվի անկախ լեգիտիմ մարմնի կողմից ժամանակավոր առաջնորդության ստանձնումը` մինչև արդար ու ժողովրդավարական ընտրությունների անցկացումը հնարավոր կդառնա։ Այս մարմինը, ունենալով մեզ առերեսող իրողությունների սթափ ըմբռնում եւ գնահատական, պարտավոր է աշխատել անաչառության ոգով եւ երկիրը դուրս բերել մեզ պատուհասած այս պատմական ջրբաժանից։

Նշվում է, որ ինչպես բոլոր ժողովրդավարություններում` սա պետք է լինի խաղաղ անցում՝ պահպանելով օրինավորությունը և սահմանադրական ընթացակարգերը եւ ապահովելով ժողովրդավարության ամենաբարձր չափանիշերը ու քաղաքացու հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքը։

«Մենք կոչ ենք անում Ազգային ժողովին աջակցել այս անցումային կառավարությանը։ Այս գործընթացում պետք է ներառվի նաեւ Առաքելական Սուրբ Եկեղեցին ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, որի առաջնորդությունը մեր ժողովրդի համար միշտ եղել է հույսի փարոս անցյալ ավելի քան 1700 տարիների մարտահրավերներով լի պատմության ընթացքում: Իբրեւ 1906 թվականին իր հիմնադրումից ի վեր բոլոր դժվարին ժամանակներում մեր ժողովրդին ուղեկից մի կազմակերպություն, որը կանգնած է եղել մեր ազգի կողքին թե՛ Օսմանյան, թե՛ խորհրդային կառավարման տարիներին, ինչպես նաեւ անկախության շրջանին, մենք այսու վերահաստատում ենք Հայաստանի պայծառ ապագան ապահովելու, բզկտված մեր Արցախը վերակառուցելու մեր խոստումը, ինչպես նաեւ վերահաստատում ենք մեր առաքելությունը հոգալու մեր ժողովրդի հումանիտար ու սոցիալական կարիքները Հայաստանում եւ ողջ աշխարհում»,- նշում են ՀԲԸՄ-ից։

Միությունից հայտնում են, որ առաջիկա շաբաթներին ՀԲԸՄ աշխարհասփյուռ համայնքի առաջնորդներին ժողովվելու են, որպեսզի միասնականորեն մշակեն պատերազմի հետեւանքները հաղթահարելու ռազմավարություններ եւ արագորեն վերադառնան պետականաշինության ու զարգացման ճանապարհին:

«Մենք աղոթում ենք մեր ազգի իմաստնության, մեր վերքերի շուտափույթ ամոքման ու այս քաղաքական ճգնաժամի հաղթահարման համար։ Մենք նաեւ խոնարհվում ենք մարտի դաշտում անմահացած հերոսների հիշատակի առջեւ, ու շուտափույթ ապաքինում ենք մաղթում վիրավորներին։ Նրանց խիզախությունն ու զոհողությունը անջնջելի հետք են թողել մեր սրտերում եւ դա ուղեկցելու է մեզ ողջ կյանքում։ Մենք նաեւ կոչ ենք անում Հայաստանում, Արցախում ու Սփյուռքի բոլոր համայնքներում բնակվող յուրաքանչյուր հայի մնալ հանձնառու, ուժեղ եւ միասնական, որպեսզի դիմագրավենք այս դժվարին ժամանակներին եւ միասին կառուցենք ավելի լավ ապագա»,- նշվում է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին