Կարևոր իրադարձություններ

112 միավոր տեխնիկայից 51-ը կօգտագործվի ձնամաքրման աշխատանքներում. քաղաքապետն այցելել է ԵԱՍՄ (տեսանյութ)

11 Դեկտեմբեր, 2020 19:56
112 միավոր տեխնիկայից 51-ը կօգտագործվի ձնամաքրման աշխատանքներում. քաղաքապետն այցելել է ԵԱՍՄ (տեսանյութ)

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում ձնամաքրման համար նախատեսված հատուկ տեխնիկան սպասում է իր ժամին: Բազմաֆունկցիոնալ բոլոր մեքենաները ջրցանից վերափոխվել են աղցանների: 2019-ի ամռանը ձևավորված համայնքային կառույցն այսօր արդեն 112 միավոր հատուկ տեխնիկա ունի, որից 51-ն օգտագործվում է նաև ձնամաքրման աշխատանքների համար: Այս պահին պահեստավորվել է 5000 խմ աղ և ավազ, ևս 900-ի կուտակումն ընթացքի մեջ է: Կատարված աշխատանքներին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: 

«Շատ եմ կարևորում, որ Երևան քաղաքն ունի իր սեփական հիմնարկը, որը զբաղվում է աղբահանությամբ, սանմաքրմամբ, իսկ ձմռանը՝ ձնամաքրմամբ: Շատ կարևոր է, որ դա հենց Երևանի գույքն է, համայնքի սեփականությունն է, որովհետև տարաբնույթ իրավիճակներ են լինում, երբ պետք են հրատապ լուծումներ, այդ թվում նաև գիշերային ժամերին, և այդ ժամանակ շատ հաճախ մասնավորն իր քմահաճույքներով է շարժվում: Դրա համար էլ ոչ միայն Երևանում, այլև եվրոպական գրեթե բոլոր քաղաքներում և առաջադեմ բոլոր քաղաքներում շատ վաղուց անցել են հենց այդ մոդելին, որ քաղաքն ունի իր սեփական հիմնարկները, իր սեփական գույքը, որ կարողանա ճիշտ և ժամանակին, արագ տնօրինել և արագ արձագանքել բոլոր մարտահրավերներին: Հպարտ եմ, որ կարողացանք շատ կարճ ժամանակում ունենալ այսպիսի հզոր հիմնարկ»,- ընդգծել է քաղաքապետը:
Համայնքային կառույցում տեխնիկական համալրումը շարունակվում է: Բոլորովին վերջերս ձեռք է բերվել երեք նոր բազմաֆունկցիոնալ ամբարձիչ: Դրանք հարմար են հատկապես մայթերը մաքրելու համար:
«Այս գործընթացը շարունակվելու է: Մենք այնքան պետք է մեր տեխնիկան շատացնենք, որ վերջնական բոլոր խնդիրները կարողանանք 100% կամ 120%-ով լուծել»,- նկատել է քաղաքապետը:
Համայնքային հիմնարկի աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով ստեղծվել է ծրագիր, որի միջոցով վերահսկվում է մեքենաների տեղադիրքը, ծախսած վառելիքի և հավաքված աղբի ծավալները:
«Ուզում եմ իմ գոհունակությունը հայտնել հիմնարկի աշխատանքից: Իհարկե, ամենագլխավոր գնահատականը պետք է տան երևանցիները, ես հույս ունեմ, որ երևանցիները նույնպես գոհ են: Նաև ուզում եմ ասել, որ մենք նիշը պահելու ենք ու անընդհատ բարձրացնելու ենք: Այնպես որ՝ առաջ»,- նշել է Հայկ Մարությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին