Կարևոր իրադարձություններ

Մանրամասներ Շենգավիթի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի մասին․ հարուցվել է քրեական գործ

11 Դեկտեմբեր, 2020 19:50
Մանրամասներ Շենգավիթի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի մասին․ հարուցվել է քրեական գործ

Երեւանի Ներքին Շենգավիթ թաղամասի բնակելի շենքերից մեկում երեկ բռնկված հրդեհի պատճառների մասին մանրամասներ են հայտնի դարձել։ Շահամիր Շահամիրյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկը, որտեղ բռնկվել էր հրդեհը, պարզվում է, ի սկզբանե գազաֆիկացված չի եղել եւ ջեռուցվել է էլեկտրական տաքացուցիչով։ 

Հրդեհի ժամանակ տանը գտնվել է երկու անձ՝ տանտիրուհու 3 տարեկան որդին եւ 18-ամյա բարեկամուհին: Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնեցին Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

 

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ հրդեհը սկզբում բռնկվել է շենքի մի բնակարանում, այնուհետեւ տարածվելով՝ վնասել նաեւ հարեւանությամբ գտնվող թվով 9 բնակարանների մուտքերի դռները, որի հետեւանքով էլ բնակարաններից մեկի բնակչուհին՝ ծնված 1949 թվականին, ստացել է ծխային թունավորում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տուժածը տեղափոխվել էր «Շենգավիթ» բժշկական կենտրոն։ Կինը մահացել է վերակենդանացման բաժանմունքում:

Հոսպիտալացվել էին նաեւ առաջինը հրդեհ բռնկված բնակարանում գտնվող 3 եւ 18 տարեկան անձինք։ Ավելի ուշ նրանք երկուսն էլ դուրս են գրվել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի (անզգուշությամբ մահ պատճառել) 1-ին մասով և 186-րդ հոդվածի (գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասել) 2-րդ մասով։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, ինչպես նաեւ՝ դատահրդեհատեխնիկական եւ դատաապրանքագիտական համալիր փորձաքննություններ:

Հարցաքնվել են մի շարք անձինք: Կատարվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին