Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    516,5
    521,5

  • EUR

    623
    635

  • RUB

    6,93
    7,19

Կարևոր իրադարձություններ

Մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության համընդհանուր բարձր գիտակցությամբ կերտելու ենք մեր երազանքների իրավական երկիրը. Դատախազի ուղերձը

10 Դեկտեմբեր, 2020 17:05
Մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության համընդհանուր բարձր գիտակցությամբ կերտելու ենք մեր երազանքների իրավական երկիրը. Դատախազի ուղերձը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ուղերձը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ.

Սիրելի՛ հայրենակիցներ,

Դեկտեմբերի 10-ին առաջադեմ մարդկությունը նշում է Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը:

Մեր ժողովրդի համար այս ծանր ժամանակահատվածում այս օրն առանձնակի արժեք է ձեռք բերել՝ հիշեցնելով և պարտավորեցնելով մեզ՝ բոլոր ջանքերը ներդնելու պատերազմից տուժած մեր հազարավոր հայրենակիցների անվտանգ և արժանապատիվ ապրելու, կյանքի, ազատ ինքնորոշման, պատերազմի արհավիրքի կնիքն իրենց հոգում կրող մեր հազարավոր երեխաների անհոգ և ապահովված մանկություն ունենալու կենսական իրավունքների վերականգնման և պաշտպանության համար:

Այդ պատերազմում տեղ են գտել միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների ծանրագույն հանցագործություններ, որոնք աշխարհի կողմից առայժմ համարժեք արձագանքի չարժանացնելը էականորեն սասանել է այդ իրավունքի միջազգայնորեն պաշտպանվածության հանդեպ վստահությունը: Սակայն ոչ ոք չպետք է կասկածի, որ գործադրվելու են նաև միազգային գործակցության բոլոր մեխանիզմները՝ այդ հանցագործություններից տուժած մեր հայրենակիցների իրավունքները պատշաճ պաշտպանելու ուղղությամբ, այդ թվում՝ ի տես մարդկության, այդ հրեշավոր հանցագործությունները կատարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկվելն ապահովելու բաղադրիչով: Դա անհրաժեշտություն է նաև մարդու իրավունքների պաշտպանության միջազգային երաշխիքների կենսունակ լինելու հանդեպ հավատի վերականգնման  առումով:

 

Սիրելի՛ հայրենակիցներ,

 

Արտահայտվելու, սեփական համոզմունքների համար պայքարելու, հավաքներ անցկացնելու իրավունքների իրացումը, դրանց համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը ցանկացած ժողովրդավարական երկրի բնորոշիչներից է:

 

Այդուհանդերձ, չափազանց խնամքով պետք է վերաբերվենք այդ իրավունքների իրացմանը՝ մեր ներքին հանրային ընդհանուր համակեցությունը, հասարակական կարգը չխաթարելու քաղաքացիական գիտակցությունից և պարտքի զգացումից ելնելով, հարգելով այլոց ոչ պակաս կարևոր այլ իրավունքներն ու ազատությունները:

 

Մասնավորապես՝ արտահայտվելու ազատությունը երբեք չպետք է ծառայեցվի ատելության խոսքի տարածման, փոխադարձ վիրավորանքի անկաշկանդ ու հրապարակային դրսևորումների համար, որոնք կարող են հանցավոր բռնությունների նախերգանք և բռնություններն ու խորացող անհանդուրժողականությունն արդարացնելու եղանակ դառնալ:

 

Մեզ պատուհասած ճգնաժամային իրողությունների հաղթահարման զարգացման, ազգային ու հանրային միասնականության ու համերաշխության հրամայականները թելադրում են լիարժեք ըմբռնման ցուցաբերում մասնավոր, հանրային ու պետական շահերի բացարձակ ներդաշնակության, համաչափության ապահովման հարցում, որը, հանրային աջակցությամբ, առաջին հերթին, իհարկե, նաև իրավապահ մարմինների անխախտ պարտականությունն է:

 

Այսօր տարբեր հարթակներում քննարկվում են մարդու իրավունքների երաշխավորման բարեփոխումներին առնչվող բազում նախաձեռնություններ, որոնք վերաբերում են նաև քրեական և քրեադատավարական ոլորտին: Այս գործընթացը առավել շատ է միտված հումանիզմի, մարդու իրավունքների առաջնայնության, արժեքային հիմքերի կատարելագործմանը, որոնք, մասնավորապես, քրեական վարույթի շրջանակում շատ ավելի մեծ երաշխիքներ են ապահովելու մեր երկրում առավել մարդակենտրոն քրեական արդարադատության իրականացման, Մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության կոնվենցիայի նպատակների իրականացման համար:

 

Դատախազությունը, այդ արժեքների կրողը և ջատագովը լինելով, ամբողջ ծավալով ներգրավված է եղել օրենսդրական բարեփոխումների նախագծման աշխատանքներում և նույնպիսի հետևողականությամբ ու շահագրգռությամբ, իր իրավասությունների շրջանակներում, գործընթացին մասնակից ու շահագրգիռ բոլոր սուբյեկտների հետ իրականացնելու է դրանց կենսագործման, իրավակիրառ նոր պրակտիկայի ձևավորման գործառույթը:

 

Վստահ եմ՝ մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության համընդհանուր բարձր գիտակցությամբ կերտելու ենք մեր երազանքների իրավական երկիրը: 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին