Կարևոր իրադարձություններ

Առողջապահության նախարարությունում քննարկվել են Ֆրանսիայի կողմից շարունակաբար Հայաստանին աջակցող ծրագրերը

10 Դեկտեմբեր, 2020 14:25
Առողջապահության նախարարությունում քննարկվել են Ֆրանսիայի կողմից շարունակաբար Հայաստանին աջակցող ծրագրերը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Ֆրանսիայի Լիոնի «Մերիո» հիմնադրամի բժիշկ-ուրոլոգ Գևորգ (Ժորժ) Քեփենեկյանի և «Մերիո» հիմնադրամի Մոր և մանկան առողջության պահպանման ծրագրի պատասխանատու Քելիլ Այթուի հետ: Քննարկվել են Ֆրանսիայի կողմից շարունակաբար Հայաստանին աջակցող ծրագրերը` թե՛ կորոնավիրուսային հիվանդության համավարակի հաղթահարման, թե՛ պատերազմի հետևանքով զինվորների բուժօգնության կազմակերպման առումով: 

Խոսելով ամռան ընթացքում Covid-19-ի դեմ պայքարում Ֆրանսիայից Հայաստան ժամանած բժիշկների, հումանիտար օգնությունների մասին` կողմերն անդրադարձել են վիրավոր զինվորներին անհրաժեշտ վերականգնողական բուժման կազմակերպման աշխատանքներին: 

Ժորժ Քեփենեկյանը նշել է, որ պատրաստ են նաև աջակցություն ցուցաբերել այդ հարցում` հավելելով, որ քննարկումներ են ընթանում  ֆրանսիական Փարիզ, Լիոն և Մարսել քաղաքների և Հայաստանի բժշկական կազմակերպությունների միջև` այս ոլորտում համագործակցություն ծավալելու վերաբերյալ: 

«Բոլոր վիրավոր զինվորները տեղափոխվել են Հայաստան և իրենց բուժօգնությունն ամբողջովին կազմակերպվում է այստեղ: Սակայն նրանք կարիք ունեն նաև վերականգնողական բուժման, և այդ ուղղությամբ Հայաստանի առողջապահական համակարգը քայլեր է ձեռնարկում ոլորտը զարգացնելու նպատակով», - բարձր գնահատելով ֆրանսիական կողմի աջակցությունը` ասել է Արսեն Թորոսյանը:

Միաժամանակ, կողմերը քննարկել են հումանիտար օգնության հնարավոր տարբերակները` ոչ միայն երկու երկրի կառավարությունների, այլև հիմնադրամների, մասնավորապես «Մերիո» հիմնադրամի և հասարակական կազմակերպությունների միջոցով, ինչի կապակցությամբ էլ Ժորժ Քեփենեկյանը պատրաստվում է մեկնել Արցախ: 

 

Լրահոս

Դիտել ավելին