Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    623
    637

  • RUB

    7,01
    7,27

Կարևոր իրադարձություններ

Ռեկտորի նշանակման դրույթը ժամանակավոր կարգավորում է․ ԿԳՄՍՆ-ում մեկնաբանել են վիճելի օրինագիծը

09 Դեկտեմբեր, 2020 21:29
Ռեկտորի նշանակման դրույթը ժամանակավոր կարգավորում է․ ԿԳՄՍՆ-ում մեկնաբանել են վիճելի օրինագիծը

Այսօր ԿԳՄՍ նախարարությունում անցկացվել է մամուլի ասուլիս «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը, ԿԳՄՍ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը և Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության լրատվական ծառայությունից։

Սամվել Կարաբեկյանը մանրամասնել է, որ ասուլիսի նպատակն է վերջին օրերին մամուլում և հանրության շրջանում, մասնավորապես, ակադեմիական տիրույթում հնչեցված մի շարք մտահոգություններին պարզաբանումներ տալը: Բանախոսը ներկայացրել է նախագծի նախապատմությունը՝ ընդգծելով, որ դեռևս 2015 թ.-ից սկսած այն քննարկվել է հնարավոր հարթակներում, տարբեր շահառու խմբերի հետ և օրենքով սահմանված կարգով անցել բոլոր ընթացակարգերը: Արդյունքում ընդունվել են հնչեցված բազմաթիվ առաջարկություններ և դիտողություններ: Սամվել Կարաբեկյանի խոսքով՝ մամուլում շրջանառվող այն թեզը, որ նախագիծն անհետաձգելի կարգով Ազգային ժողով ուղարկելու նախաձեռնությունը պարունակում է որոշակի դիտավորություն, չի համապատասխանում իրականությանը: Ըստ բանախոսի՝ դա պարզապես թյուրըմբռնման արդյունք է, քանի որ ավելի վաղ ԿԳՄՍ նախարարությունը դիմել էր Կառավարությանը և խնդրել նախագիծը դիտարկել որպես անհետաձգելի՝ համակարգի առջև ծառացած խնդիրների հրատապ լուծման նպատակով:

Լրագրողների դիտարկմանը, թե նախագծի անցումային դրույթներում սահմանված այն կետը, ըստ որի՝ մինչև կառավարման նոր խորհուրդների ձևավորումը լիազոր մարմնի ղեկավարը հինգ տարուց ոչ ավելի ժամկետով նշանակում է ռեկտոր, արդյոք չի սահմանափակում բուհերի ակադեմիական ինքնավարությունը և արդյոք չի քաղաքականացնում ուսումնական հաստատությունները, նախարարի խորհրդականն ասել է. «Բուհական ինքնավարությունը և ակադեմիական ազատությունը փոխկապակցված են, սակայն դրանք տարբեր հասկացություններ են: Գործող օրենսդրությամբ բուհերը բավականին ինքնավար են, սակայն այդ ինքնավարությունը երբեմն բավարար կերպով չի տարածվում հաստատության ներսում: Եվ այս խնդրի լուծման նպատակով օրենքի նախագիծն ինստիտուցիոնալ հիմքեր է ստեղծում»:

Ռոբերտ Սուքիասյանը, լրացնելով իր գործընկերոջը, նշել է, որ օրենքի նախագիծը, իհարկե, ամբողջությամբ չի ապահովում բուհերի ինքնավարությունը, սակայն գործող օրենքի համեմատությամբ՝ այն մի քանի քայլ առաջ է:

«Մենք ուսումնասիրել ենք բազմաթիվ երկրների փորձ, սակայն դրանցից և ոչ մի մոդել չի տեղայնացվել. սա, ՀՀ բուհերի առանձնահատկություններով պայմանավորված, մեր երկրի համար մշակված օրենք է: Կարևորը որդեգրած քաղաքականությունն է՝ կառավարման առումով լիազոր մարմին-բուհ հավասարակշռության ապահովումը: Ակադեմիական ինքնավարության ցուցիչներից մեկը բուհի՝ ուսանողների ընդհանուր թվաքանակը որոշելու իրավասությունն է, որն ամրագրված է նախագծում, հաջորդն ուսանող ընտրելու իրավասությունն է, որը ևս ունենալու է բուհը: Բուհերին տրվելու են նաև ծրագրեր ներդնելու, դրանք ստեղծելու և դադարեցնելու, որակի ապահովման մեխանիզմներ ներդնելու իրավասություններ: Նախագծով պահպանվել է բուհի կողմից դասավանդման լեզուն որոշելու արգելքը. այն կլինի մայրենի լեզուն: Նախատեսվում է, որ բակալավրի և մագիստրոսի կրթական աստիճաններից զատ՝ բուհին աստիճանաբար կվերապահվի նաև գիտական աստիճան շնորհելու իրավասություն»,- ընդգծել է Ռ. Սուքիասյանը:

Բանախոսները պարզաբանել են, որ ռեկտորի նշանակման դրույթը ժամանակավոր կարգավորում է, քանի որ բարձրագույն կրթության ռազմավարության նախագծում նախատեսվում է բուհերի և գիտական հաստատությունների կոնսոլիդացիա՝ նպաստելու կրթական ու գիտական հաստատությունների մրցունակության բարձրացմանը: Այդ գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով, ըստ նախագծի, լիազոր մարմինը նպատակահարմար է համարել նշանակել ռեկտոր կամ տնօրեն: Ընդ որում՝ ընտրված ռեկտորը կշարունակի իր պաշտոնավարումը, եթե տվյալ բուհը, օրինակ, վերակազմավորման գործընթացում չներառվի, իսկ եթե լրացել է ռեկտորի ժամկետը կամ պաշտոնը թափուր է, ապա հնարավոր է՝ նշանակվի ռեկտոր: Նոր հաստատության կազմավորումից հետո անցումային դրույթն ուժը կորցրած կհամարվի, և կգործի հիմնական՝ ռեկտորի ընտրության դրույթը: Նշվել է նաև, որ հինգ տարին պայմանական է. որքան արագ ավարտվի հաստատության վերակազմավորումը, այնքան արագ կգործի հիմնական դրույթը:

Բանախոսները մեկ անգամ ևս ընդգծել են, որ այդպիսով պետությունը ստանձնում է որոշակի պատասխանատվություն, ինչը որևէ կերպ չի խաթարում բուհի ակադեմիական ազատությունը, հատկապես որ առկա է օրենքի հստակ դրույթ, որով արգելվում է բուհերի քաղաքականացվածությունը: Ըստ բանախոսների՝ ներկայում օրենքի նախագծի փաթեթը գտնվում է ԱԺ-ում, որտեղ շարունակվելու են քննարկումները, և եթե կլինեն մասնագիտական համապատասխան եզրահանգումներ, նախագծի որոշ դրույթներ, իհարկե, կվերաձևակերպվեն: Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի խոսքով՝ գիտության մասով ևս եղել են բազմաթիվ քննարկումներ, և, մասնավորապես, Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացրած առաջարկությունները գրեթե 100 տոկոսով ներառվել են նախագծում:

Լրագրողներին հետաքրքրել է նաև, թե արդյոք նախագծով չի փոքրանում ուսանողական նպաստից օգտվողների շրջանակը: Նախարարության պատասխանատուների հավաստմամբ՝ ընդհակառակը, դրանք ընդլայնվում են:

«Նախագծով բուհերի ֆինանսավորումը հստակ դիվերսիֆիկացված է, որով փորձ է արվում առանձնացնել բուհի և ուսանողի ֆինանսավորումը: Ըստ այդմ՝ առանձին կգործեն առաջադիմությամբ և կարիքով պայմանավորված կրթաթոշակներ, ինչպես նաև խառը ձևով՝ առաջադիմության և կարիքի: Բացի դրանից՝ կգործի նաև հետազոտական նպատակով տրամադրված կրթաթոշակ՝ այդպիսով ընդլայնելով պետության կողմից աջակցություն ստացող շահառուների թիվը»,- մանրամասնել է Ռ. Սուքիասյանը:

Լրագրողներին հետաքրքրել են նաև հայագիտական առարկաների դասավանդմանը և բուհերի կառավարման խորհուրդներում ուսանողների մասնակցությանն առնչվող հարցերը, որոնց ևս բանախոսները տվել են սպառիչ պարզաբանումներ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին